Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և հայտնվել հարակից ձորակում, կա չորս զոհ։ Ավելի ուշ ՊՆ խոսնակը հայտնեց, որ վթարի հետևանքով կա քսան վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: