Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck
2022-ի սեպտեմբերին Գյումրիի համայնքապետարանը հուշագիր ստորագրեց «Ամստալ» ՍՊԸ-ի հետ՝ ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի գործարանի կառուցման նպատակով:
«Ամստալ» ՍՊԸ-ն 6,15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր էր ներկայացրել՝ վստահեցնելով, որ մինչև 1000 աշխատատեղ է ստեղծելու։ Համայնքը գործարանի տարածքը ընկերությանն էր տրվել վարձակալության՝ 50 տարով։
Նախատեսվում էր, որ առաջին փուլն իրականացվելու է երեք ամսում, որը ներառելու էր գործարանի կառուցումն ու արտադրանքի թողարկումը։ Իսկ կառուցումից շուրջ ինը ամիս անց պետք է սկսվեր ջերմամեկուսիչ նյութերի ու գիպսաստվարաթղթի արտադրությունը։
Պարզվում է՝ գործարանը չի կառուցվել։
«Ամստալ» ՍՊԸ տնօրեն ու սեփականատեր Միքայել Միքայելյանը #CivilNetCheck-ին տեղեկացրեց, որ ծրագիրը պետք է իրականացվեր Ռուսաստանից գործընկեր ներդրողների հետ։ Սակայն իրենք բյուրոկրատական մի շարք խնդիրների առաջ են կանգնել՝ կապված գործունեության լիցենզիայի, հողեր ձեռք բերելու իրավունքի։ Հետո նաև ռուս գործընկերները Ռուսաստանի կառավարության կողմից վերջնագրի ու կապիտալը ՌԴ-ից դուրս հանելու արգելքին են բախվել։ Այդպիսով ծրագիրը ձգձգվել է ու անժամկետ չեղարկվել։
«Ամստալ» ՍՊԸ-ն 2022-ին հիմնադրված շինարարական ընկերություն է, որի նախատեսած մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես հայտնել է Միքայելյանը, չի հաջողվում՝ մեծամասամբ բյուրոկրատական խնդիրների պատճառով։
Գյումրիի էկո-թաղամասը չի կառուցվում
2021-ի սկզբին հայտարարվել էր Գյումրիում «Դիստրիկտ» էկո-թաղամասի կառուցման ծրագրի մասին՝ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության կողմից։ 2021-ի մայիսին Գյումրիի ավագանին որոշել էր ընկերությանը կառուցապատման համար վարձակալությամբ տրամադրել «Ուռի Գունդ» նախկին զորամասի 21 հա տարածքը։ Նախատեսվում էր էկո-քաղաքում տեղակայել ՏՏ ոլորտի մի շարք ստարտափ ընկերություններ։ 2021-ի մայիսի 15-ին նախագածի մեկնարկի միջոցառմանը, ներկա էր Էկոնոմիկայի (նախկին) նախարար Վահան Քերոբյանը։

«Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Ղանդիլյանը դեռ 2021-ին հայտնել էր, որ թաղամասի ամբողջական կառուցապատումը կտևի տասը տարի, իսկ առաջին փուլի կառուցումը կիրականացվի երեք տարվա ընթացքում։

Ծրագիրը, սակայն, այդպես էլ չի մեկնարկել։
Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ էկո-քաղաքի ներդրողները հրաժարվել են ծրագրերի իրականացումից։
«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ներդրողը ասելիք չունի: «Առանց մեկնաբանության»,- նշված է պատասխանում։
«Դիջիթըլ Փոմըգրանեթը» Նյու Յորքում ու Գյումրիում տեղակայված ու 2013-ից գործող ծրագրային ապահովման ընկերություն է, մասնագիտացած է բջջային հավելվածների և վեբ կայքերի ստեղծմամբ։
Երևանի մանկական երկաթուղին չի բարեկարգվում
Երևանի կենտրոնում գտնվող մանկական երկաթուղու բարեկարգման հարցը բազմիցս քննարկվել է։ 2020-ի հունիսին՝ դեռ Հայկ Մարությանի քաղաքապետ եղած ժամանակ, մի շարք ընկերություններ ներկայացրել էին Մանկական երկաթուղու արդիականացման ծրագրեր։ Սակայն նախատեսվող աշխատանքների մասին երկար ժամանակ որևէ նորություն չկար։
2023-ի մարտին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կառավարության նիստում հայտնեց, որ մանկական երկաթուղին կբարեկարգվի, կիրճում կտեղադրվի նաև ճոպանուղի։ Ներդրումային այս ծրագիրը, ըստ Ավինյանի, առաջարկել էր «Ռուցոգ-ինվեստ» ներդրումային-շինարարական հոլդինգի կազմում ընդգրկված «Ռիդ» ՍՊԸ-ն։
Ըստ նրա՝ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 150 մլն դոլար էր գնահատվել։

Ռուսաստտանում գրանցված «Ռուցոգ-ինվեստ»-ի հիմնադիրն ու սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է, որը 2020-ից նաև «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի 60 տոկոսի բաժնտերն է։ Հենց «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն է 1998-ից շահագործում Երևանի մանկական երկաթուղին։
Դեռ փետրվարին #CivilnetCheck-ը էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել էր, թե ինչ փուլում է նախագիծը։ Այնտեղից հայտնել էին, որ հանդիպում-քննարկումների արդյունքում որոշվել է ծրագիրը լրամշակել՝ ներկայացված դիտարկումների հաշվառմամբ։
Նախաարությունից գրության մեջ ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ Երևանի քաղաքապետարանը չի արձագանքել Էկոնոմիկայի նախարարության հրավերին՝ քննարկելու նախորդ հանդիպումներին ներկայացված դիտարկումները։
Քաղաքապետարանին հարցում ուղարկելուց շուրջ 40 օր անց #CivilNetCheck-ին հայտնել են, որ սկսվել է երկաթուղու այգուն պետական արգելավայրի կարգավիճակ տրամադրելու գործընթաց։ Ըստ գրության՝ իրականացվում են պլանավորվող պետական արգելավայրի նախանշած տարածքների սահմանազատման, կենսաբազմազանության գույքագրման և թեմատիկ քարտեզագրման աշխատանքներ, որից հետո հնարավոր կլինի դիտարկել մանկական երկաթուղու բարեկարգումը ռեկրեացիոն գոտիների մշակման շրջանակում։
Եվ, ի վերջո, ապրիլի 10-ին, «ՌԻԴ» ՍՊԸ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով մանկական երկաթուղու արդիականացման նախագծից հրաժարվելու մասին։ Ըստ նրանց՝ իրենց չի հաջողվել ստանալ տեղական իշխանությունների հավանությունը։
Այսպիսով, գերատեսչությունների պատասխան նամակներից ու «ՌԻԴ» ընկերության հայտարարությունից կարելի է ենթադրել, որ երկաթուղու արդիականացման նախագիծը տապալվել է պետական մարմինների առաջացրած խոչընդոտների պատճառով։