Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck #ճշտաչափ
Հայաստանը լքած արցախցիների թվաքանակի վերաբերյալ պարբերաբար լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իրարամերժ տվյալներ են ներկայացվում։
«Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 6-ին գրել է, որ 16 հազար բռնի տեղահանված արցախցի սեպտեմբերից ի վեր լքել է Հայաստանը։
«Մինչ այսօր գեթ մեկ արցախցի պետությունից լիարժեք որևէ օգնություն չի ստացել։ Արցախից բռնի տեղահանվածներից գրեթե 16 հազարը պետության անտարբերության պատճառով լքեցին Հայաստանը»,- գրված է նյութում։
Հոդվածն արտատպել են news.am, operativ.am, 168.am և այլ լրատվամիջոցներ։
Ավելի վաղ` մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, թե արտագաղթածների թիվը 11 հազար է, իսկ որոշ գնահատականներով՝ 15 հազար:
«Այսօր արտագաղթել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ, կան այլ գնահատականներ ևս, և թիվը հասնում է մինչև 15 հազարի. հիմնական պատճառները սոցիալ-կենցաղային պայմաններն են», – պնդել է Ստեփանյանը։
#CivilNetCheck-ը ստուգել է, թե 2023-ից սեպտեմբերից մինչև ապրիլի սկիզբ Արցախից բռնի տեղահանված որքան մարդ է անվերադարձ լքել Հայաստանը ու համեմատել է տվյալները՝ ըստ ամիսների։
Հայաստանից 16 կամ 11 հազար արցախցի չի հեռացել
Գեղամ Ստեփանյանը #CivilNetCheck-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց, որ իր նշած թիվն ու տեղեկատվությունը պաշտոնական չէ, հավաքագրված է տարբեր ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետ շփումներից ու վերաբերում է նաև 2020-ից ի վեր Հայաստանը լքած անձանց։
Վերջին ամիսներին #CivilNetCheck-ը պարբերաբար հարցումներ էր ուղարկում Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ճշտելու Հայաստանից հեռացած արցախցիների ստույգ թվաքանակը։
Ի պատասխան մեր վերջին գրությանը՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է Արցախի հաշվառում ունեցող 15 162 անձ, իսկ վերադարձել՝ 6 062-ը։ Այսինքն՝ ապրիլի 1-դրությամբ Հայաստանից անվերադարձ հեռացել է 9 100 արցախցի։
ԱԱԾ-ից վերջին ամիսներին ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում ավելի շատ արցախցի է լքում Հայաստանը, իսկ վերադարձողների թիվը նվազում է։ Եթե մինչև դեկտեմբերը հեռացած 11 741 անձանց մոտ կեսը՝ 5 104-ը վերադարձել էր (անվերադարձ՝ 6 637), ապա ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանը լքած 15 162-ից վերադարձել է 6 062-ը (անվերադարձ՝ 9 100):
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե Արցախից բռնի տեղահանվածներից գրեթե 16 հազարը լքել են Հայաստանը, մենք գնահատում ենք սխալ։
Այսինքն առանց փետրվարի, չորս ամսում չեն վերադարձե՞լ մոտ 32 000 մարդ։
Այս ու՞ր ենք գնում։