Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ներգաղթյալների հարցով Լոնդոնի հետ բանակցելու հրապարակմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը։

«Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, բայց կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ապրիլի 15-ին The Times-ի հրապարակած հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով։ Պարբերականը վկայակոչել է բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով:

Ըստ հրապարակման՝ հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս 2023-ի սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։

2023-ին Մեծ Բրիտանիան և Ռուանդան ստորագրել են միգրացիոն համաձայնագրի թարմացված տարբերակ, որի համաձայն՝ Միացյալ Թագավորություն ապօրինի ժամանած միգրանտները կարող են արտաքսվել աֆրիկյան երկիր՝ առանց բրիտանական իշխանություններից ապաստան խնդրելու իրավունքի։ Ավելի վաղ նրանք կարող էին մնալ Բրիտանիայում այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում էր նրանց ապաստանի հարցման քննարկումը:

Մեկնաբանել