Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, երկու երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
«Լարվածության աճը վնաս է և տարածաշրջանի ժողովուրդների, և Հայաստանի ու Ադրբեջանի հարևանների համար։ Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության շուրջ երկխոսությունը։ Կարծում ենք՝ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոններից է երկխոսությունը, ինչպես նաև ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը»,- ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսին ասել է դեսպանը։
Նա նշել է, որ իրենց «կարմիր գծերը» չեն փոխվել, Իրանը շարունակում է դեմ արտահայտվել տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։
«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Հայաստանը Իրանի համար «շնչուղի է» դեպի Հյուիս, Սև ծով, իսկ Իրանը Հայաստանի համար է հանդիսանում «շնչուղի» դեպի հարավ, դեպի Պարսից ծոց և Հնդկաստան դուրս գալու համար»,- նշել է նա։
Սոբհանիի խոսքով՝ Իրանը դեմ է նաև, որ «օվկիանոսից այն կողմ գտնվող երկրները գան և փորձեն տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»։
Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրագույն մակարդակի հանդիպմանը, դեսպանն ասել է․ «Հայաստանի իշխանությունների հետ խոսել ենք այս հարցի շուրջ։ Նրանք մեզ ասացին, որ հանդիպումը որևէ երրորդ երկրի դեմ չէ, այն ամբողջությամբ տնտեսական բնույթ է կրում, ինչպես նաև ԼՂ ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է։ Մենք դեմ չենք այս ամենին։ Հայաստանի իրավունքն է տնտեսական զարգացման ճանապարհներ փնտրելը։ Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանն ու Հարավային Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի»։
Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը «առաջիկայում լավ պայմանավորվածություններ են ձեռք բերելու փոխադրումների, տարանցման ոլորտում, որն իր մեջ ներառելու է տարանցիկ վճարների նվազեցման հարցը»։
«Հայաստանը հետաքրքրված է Չաբահար նավահանգստում ունենալ մի կենտրոն, որը կնպաստի առևտրի զարգացմանը Հնդկաստանի, հարավի հետ։ Մենք պլանավորում ենք, որ Իրանի նավահանգիստների կազմակերպության ղեկավարը կայցելի Հայաստան։ Ինչպես նաև պլանավորում ենք կազմակերպել ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչների այցը Չաբահար»,- հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանը։