Առաջին անգամ, շատ վաղուց, մարդկանց մեծ հավաքի հանդեպ կասկած ունեցա հավաքի հզոր համերաշխության պարգևած երջանկության պահին, երբ անանձնական, իսկ գուցե իրականում անձնական երջանկությունը հատում էր սանդղակի վերին նիշերը։
1988-ի փետրվարին, երբ մեկ շաբաթ ձայնալարերի ու սրտալարերի ամբողջ հզորությամբ «Ի-գոր, Ի-գոր» վանկարկելուց հետո, մեկ օրում Իգորին հեռացրին հարթակից, ու սկսեցինք նույն ուժով գոռալ «կոմիտե», առաջին անգամ զարմացա անհնարինի ակնհայտ լինելու վրա։ Նույն հավաքը՝ հասուն տղամարդիկ, երիտասարդ տղաներ, կանայք, աղջիկներ, շատ գրագետ մարդիկ․․․ բոլորը մեկ օրում սկսեցին գոռալ «կոմիտե»։ Իրողության վերլուծությունը չէ հիմա նպատակս, ոչ էլ նրանց տարաձայնությունների պարզաբանումը, այլ փաստը։ Մեկ օրում մոռանալ կուռքին։ Տեղում, առանց որևէ հարցի սկսել բղավել այլ բան։ Չհարցնել՝ ինչ եղավ տղան, որին երեկ կուռք էինք կարգել։
Տասնյոթ տարեկան էի ու անփորձ, հանրային տարածքում ինքնուրույն կարծիք բարձրաձայնելու համար՝ շատ երկչոտ։ Բայց պահը արձանագրելու ունակ էի։ Հարցն առաջացել էր, և միայն կողքիս կանգնած մարդուն էի կարողացել ասել՝ բայց ո՞նց։
Հանրային մեծ համերաշխության հաճույքից հրաժարվել չկարողացա, չուզեցի, ի իճակի չէի հրաժարվել այդ հաճույքից, և երջանիկ մնալու ցանկությունն ու կոլեկտիվ հոգին հաղթեց, ես շարունակեցի գոռալ՝ կոմիտե։
Երբ տարիներ անց կարդում էի Լը Բոնի « Զանգվածների հոգեբանությունը», արդեն իրական կյանքում տեսել էի նրա գրածը, բոլոր մանարամասներով․ «Նա, ով կարողանում է տպավորություն գործել ամբոխի երևակայության վրա, տիրապետում է ամբոխը կառավարելու արվեստին»։
Դրանից հետո տեսել եմ ևս երեք մեծ հավաք։
Լը Բոնը միշտ ճիշտ էր։
Վերջինն ամենաաղետալի հետևանքներով մեծ հավաքն էր՝ երջանկության ու կարևորի փլուզումով։
Երբ իշխող կուսակցության մունետիկներից տարիքովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ պետք է Հայոց ցեղասպանության զոհերի անունները ճշտենք, գուցե միլիոնուկես չի, առանձնապես ցասում չառաջացրեց, որովհետև ընկալեցի իբրև իշխող աղետալի անիմացիայի հերթական դրվագ։
Ցասում չառաջացավ նաև, որովհետև Արցախը հանձնելու 2019-ի մուլտիպլիկացիայից ու 2020-2023-ի այլասերված վանդալիզմից հետո քիչ բան կարող է սարսափեցնել։ Նաև ասաց, որ տարբերություն չկա «ցեղասպանություն» և «եղեռն» բառերի միջև։ Եթե չգիտի՝ ամոթ է, եթե խաբում է՝ ամեն երկրորդը ցեղասպանագետ է, ում պիտի խաբի։ Ամեն երկորրդ վարորդ կաբացտրի, որ «ցեղասպանությունը» իրավական եզրույթ է։
Հետո լրահոսում հանդիպեցի մեկ, երկու, իսկ երրորդը ես ուղղակի արդեն վախեցա տեսնել՝ Երևանի փողոցներում արված բլից հարցումների, որտեղ երևանցիները՝ միջինից բարձր տարիքի, իրենց կանանց հետ, համոզված ասում էին իրենց ողջ գիտակցական կյանքում ասածի ճիշտ հակառակը։
Անմիջապես պատկերացրեցի նրանց Ծիծեռնակաբերդ գնալը, «Ձորի Միրո»-ն երեքհազարերորդ անգամ ուշադիր նայելը, «Մայրիկ» ֆիլմի վրա հուզվելը, նախնիների ոչ շարքային ճակատագիրը ամենայն ահավոր մանրամասնություններով պատմելը, ի վերջո՝ ցեղասպնավածների սերունդներին դրամական հատուցում տալու թեմայով նրանց ոգևորվելը։ Ու անկեղծ վախ զգացի։ Ոչ որովհետև կստվերեն Ցեղասպանության փաստը։ Այլ որովհետև ուղղակի վախենալու է ապրել մարդկանց հետ, որոնք մի ամբողջ կյանք ամեն ինչի ակունքում ու վերջնակետում դրել են Հայոց ցեղասպանությունը, իրենց ամեն ինչի հիմքում եղել է ցեղասպանված նախնին՝ ամենայն մանրամասներով․․․ իրենց էության հիմքում, ի վերջո, դա էր, և մի անբարենպաստ չինովնիկի նախադասությունը, ընդամենը մեկ ժամանակավոր չինովնիկի նախադասությունը, այլ ոչ թե սեփական յոթանասուն-ութսուն տարվա որևէ եզրակացություն, թեկուզ՝ սխալ, բայց սեփական տառապանքով արված եզրահանգում, կարողանում է մեկ րոպեում փոխել կարծրացած ողբերգակին ու դարձնել օրվա թելադրածով ապրող դռնբաց աշխարհաքաղաքացի, սեփական դռան դիմացի շորի համար կռիվ տվող հայը մեկ ժամանակավոր չինովնիկի ասածից նվիրում է «ցեղասպանությունը»։
Որովհետև մնացել է հեղափոխության երջանկության անավարտ գեշտալտի տակ։
Միասին լինելն է վախենալու։ Արյունարբու անիմացիային խոստացվող հավատարմությունը կարող է հատել բոլոր գծերը՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի, դեգրադացիայի։
Եվ ես արդեն պատկերացնում եմ՝ 1965-ին Լենինի հրապարակում հավաքված հազարավոր տղաների ու աղջիկների, Հայոց ցեղասպանության ճանաչման համար խորհրդային բիրտ ուժի դեմ հզոր ցասման լուսանկարների կողքին այսօրվա Հանրապետության հրապարակում նրանց սերունդների կամ հենց իրենց մեծ հավաքները, կարգախոսներով, բացականչություններով․ «Մեզ պետք չէ ցեղասպանություն», «Մենք ապրում ենք իրական Հայաստանում», «Մենք չենք ընդունում Հայոց ցեղասպանությունը», «Ջո Բայդենից պահանջում ենք չօգտագործել «ցեղասպանություն» բառը»։
Այստեղ արթնանում է՝ հայի փայփայած գերագույն մտավախությունը՝ մենակ հանկարծ տեսնող չլինի։ Որովհետև 2021-ի ապրիլի 24-ի գիշերը իրար հարցնում էինք․ «տեսնես Բայդենը շո՞ւտ ա արթնանում», որ լսենք՝ «ցեղասպանություն» բառն օգտագործեց, թե չօգտագործեց։ Ու հաջորդ տարի լրատվականները գրում էին՝ «Ջո Բայդենը, ինչպես նախորդ տարի, կրկին օգտագործեց «ցեղասպանություն» բառը»։
Իսկ ցեղասպանված ժողովրդի մի այլ չինովնիկ երեկ այսպես խոսեց․
«Ես ինձ երբեք պատմական Հայաստանում չեմ կարող զգալ, ես պատմական կերպար չեմ։ Ես ինձ կարում եմ կպնեմ, դուք էլ ինձ կարաք կպնեք, մենք իրար կարանք դիպչենք։ Մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանի Հանրապետությունում։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, ներողություն, որը իրական չի, մեղք չե՞մ ես»։