Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
«Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»,- հայտնել է Բաղդասարյանը։
Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հարցը ներկայացնում է որպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի գործնական փուլի մեկնարկ: