Որքանո՞վ են իրատեսական «տանը նստած՝ բարձր եկամուտ» խոստացող հայտարարությունները

Շուշան Ստեփանյան, CivilNetCheck

Սոցցանցերում հաճախ ենք հանդիպում տարբեր ընկերությունների հայտարարություններ, որոնք առաջարկում են աշխատանք տնից և մեծ եկամուտներ խոստանում՝ փոքր ներդրումների դիմաց։

Այս ընկերություններից շատերն աշխատում են բազմամակարդակ մարքեթինգի (MLM- multilevel marketing) մեթոդով. սա ուղղակի վաճառքի համակարգ է, երբ ընկերությունը չի սպասում, որ հաճախորդը հետաքրքրվի ապրանքով կամ ծառայությամբ, այլ ներգրավում է «անդամների», որոնք վաճառում են այն և տոկոսներ ստանում նոր անդամներ բերելով։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս հայտարարություններից մի քանիսը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, և որքանով է իրատեսական նման տարբերակով գումար աշխատելը։

Ֆինանսական բուրգի և բազմամակարդակ մարքեթինգի տարբերությունը

Բազմամակարդակ մարքեթինգի կամ ցանցային մարքեթինգի ռազմավարության հիմքում ապրանքների և ծառայությունների վաճառքը խթանելն է՝ որքան հնարավոր է շատ անդամներ ներգրավելով, որից հրավիրողները միջնորդավճար են ստանում։

Ֆինանսական բուրգերը, որոնց ստեղծումը քրեորեն պատժելի է, նման են բազմամակարդակ մարքեթինգի սխեմային, սակայն բրգաձև սխեմայի դեպքում չկա իրական ապրանք, սխեմայի անդամներին խոստանում են գումար աշխատել բացառապես նոր մասնակիցների ներգրավումից ստացված գումարի հաշվին։

Հիմնվելով այս երկու սխեմաների տարբերության վրա՝ շատերը կարծում են, որ եթե ընկերությունը վաճառում է ապրանք, ուրեմն այն բրգաձև սխեմա չէ։

Այնուամենայնիվ, բրգաձև սխեմաները քողարկման համար հաճախ օգտագործում են ապրանքի կամ ծառայության վաճառքը՝ նպատակ ունենալով ներգրավել նոր ներդրողների, որպեսզի վերջիններիս գումարներով կարողանան վճարել հին ներդրողներին։

Harmony rider, Jorbuyer կայքերի մասին

Տնից բարձր վարձատրվող աշխատանք առաջարկող հայտարարությունները տարածվում են ոչ միայն սոցցանցերում, այլև բջջային հաղորդագրությունների միջոցով։ Այսպես, վերջերս հաղորդագրություն էր տարածվում, թե հնարավոր է օրական 1200 – 20000 դրամ աշխատել՝ 30 րոպե բջջային հեռախոսը օգտագործելով։

Աշխատանքի պայմաններին ծանոթանալու համար պետք էր Telegram-ի միջոցով կապվել տարածաշրջանային ներկայացուցիչի հետ։

Հաղորդագրությունն ուղարկվել էր ուգանդական հեռախոսահամարից։ Տելեգրամով կապվելուց հետո տարածաշրջանային ներկայացուցիչն ուղարկեց harmonyriders.com կայքը՝ նշելով, որ իրենց ընկերությունը զբաղվում է էլեկտրական սկուտերների վարձույթով։

Պարզվում է՝ անհրաժեշտ է գնել սարքավորումը, որից հետո դառնում ես ընկերության աշխատակից։ Ըստ պայմանների, պետք է պարզապես ամեն օր սկուտերը միացնել և դրանից իբր շահույթ ստանալ։ Շահույթ կարելի է ստանալ նաև նոր աշխատակիցներ ներգրավելով։

Սկուտերները վաճառվում են սկսած 50 դոլարից մինչև 35 000 դոլար։ 50 դոլար արժողությամբ սկուտերի դեպքում օրական շահույթը իբր կազմում է 1,7 դոլար, ամենաթանկ սկուտերի դեպքում՝ 1 220 դոլար:

Ներկայացուցիչն այնուհետև ուղարկեց տելեգրամյան չատը, որտեղ բոլոր աշխատակիցներն են և կարելի է գրել՝ հարցեր ունենալու դեպքում։ Տելեգրամի խումբն ունի շուրջ 3100 մասնակից, մասնակիցներից շատերը իրենց բանկային քարտի էկրանապատկերն են տեղադրում՝ ցույց տալով, թե որքան գումար են կարողացել աշխատել։

Էկրանապատկերը՝ Harmony Rider ընկերության տելեգրամյան խմբից

Ըստ երևույթին՝ նպատակը նոր մասնակիցներին ապացուցելն է, որ իսկապես հնարավոր է գումար աշխատել, նաև ցույց տալ, որ խմբում իրական մարդիկ կան՝ տարբեր երկրներից։ Խմբում ավելի հին նամակագրությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ակտիվ հարցեր գրած «մասնակիցներից» շատերի օգտահաշիվներն արդեն ապաակտիվացված են։

Խմբում նաև հայկական անուն-ազգանունով մասնակիցներ կան։ Երբ առանձին հարցրեցինք մասնակիցներից մեկին, թե իսկապես կարողացել է գումար աշխատել, պարզվեց, որ Արթուր Պողոսյան անունով գրանցված անձն իրականում Ղազախստանից է և հայ չէ։

Էկրանապատկերը՝ Harmony Rider ընկերության մասնակցի հետ զրույցից

Մյուս հայ մասնակիցը Արփինե Սարգսյանն էր։ Նա նշեց, որ գրանցվել է կայքում, բայց մասնակցել է միայն փորձնական փուլին, որի ժամանակ սկուտերը տրամադրվում է երեք օրով՝ առանց վճարի։ Ըստ ընկերության՝ նրանց աշխատակիցները տեղափոխում են սկուտերը մարդաշատ վայրեր, սկուտերը գնած անձից պահանջվում է միայն ամեն օր միացնել այն և գումար աշխատել դրանով։ Արփինեն նշեց, որ այդ երեք օրվա ընթացքում աշխատել է 10 դոլար, որն իր Binance-ի (կրիպտոարժույթի փոխանակման ծառայություն) հաշվին է, բայց չի կարողանում կանխիկացնել, իսկ հետագա փուլերին մասնակցել ու ներդրում անել չի պատրաստվում, քանի որ արդեն փորձ ունի՝ այլ ընկերության խաբեության զոհն է դարձել։

Ընկերությունը, որտեղ գումար էր կորցրել Արփինե Սարգսյանը, կոչվում է Jorbuyer, որի հայտարարությունը Արփինեն գտել էր Ֆեյսբուքում։ Այստեղ նվազագույն ներդրումը 3000 դրամ է, ներդրումն անելուց հետո կայքը 10-15 առաջադրանք է տալիս, որոնք ավարտելուց հետո գումար ես ստանում, հետո դարձյալ ներդրում պետք է անել շարունակելու համար։ Արփինեն սկզբում ներդրել է գումար, կատարել առաջադրանքներն ու գումար ստացել, հետագայում մաս-մաս կորցրել է մոտ 160 000 դրամ, քանի որ չի հասցրել առաջադրանքն ավարտել։

Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել է ոստիկանություն, նաև ուղարկեց Իդրամ հաշվի էկրանապատկերները՝ նշելով, որ կայքում աշխատում են նաև հայեր, որոնց հաշվեհամարներին էլ ուղարկվել է գումարը։

Էկրանապատկերը՝ Արփինե Սարգսյանի տրամադրած քարտային հաշիվներից

LiveGood Armenia ընկերության մասին

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվ տարածվում են նաև LiveGood Armenia ընկերության մասին հայտարարությունները։ Երբ գրում ես հայտարարությունը տարածողների էջերին, առաջարկում են հեռախոսահամար թողնել մանրամասները ներկայացնելու համար։

Ընկերությունն աշխատում է հետևյալ կերպ․ զբաղվում է վիտամինների և կոսմետիկայի վաճառքով, բայց գումար աշխատելու համար մասնակիցներից պահանջվում է ոչ թե վաճառել ապրանքները, այլ թիմ ստեղծել ու նոր մարդկանց ներգրավել։ Ընկերություն մուտք գործելու համար անհրաժեշտ է վճարել 50 դոլար, ինչպես նաև ամսական 10 դոլար՝ ընկերության անդամ դառնալու և վաճառվող ապրանքներից զեղչով օգտվելու համար։ Ընկերության կայքում ևս կարելի է տեսնել, որ նույն ապրանքի գինը անդամների և ոչ անդամների համար տարբեր է։

Էկրանապատկերը՝ livegood.com-ի

LiveGood Armenia-ից Ալլա Մհերյան ներկայացնող անձը հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ ընկերությունը հնարավորություն է տալիս անդամներին զեղչի միջոցով վիտամիններ գնել, բայց այն ակումբային ընկերություն է, աշխատակցից պահանջվում է սկզբնական փուլում հայտարարություններ տարածել սոցցանցերում ընկերության մասին, այնուհետև խմբի ղեկավարներին փոխանցել այն մարդկանց հեռախոսահամարները, որոնք հայտարարությունների միջոցով կապվել են իրենց ու ցանկանում են աշխատել, որպեսզի ղեկավարը բացատրի աշխատանքի բնույթը։

Մուտք գործելու համար մասնակիցը վճարում է 50 դոլար, բայց ամեն նոր աշխատակից ներգրավելու դեպքում ստանում է 25 դոլար։ Իսկ երբ իր հրավիրած աշխատակիցներն են նոր մարդկանց բերում, յուրաքանչյուրից ստանում է ևս 5 դոլար: Այդպիսով, երեք աշխատակից բերելու դեպքում մասնակիցը հետ է ստանալու իր վճարած 50 դոլարը և արդեն սկսելու է եկամուտներ ստանալ։

Էկրանապատկերը՝ livegoodtour.com-ի

Այնուհետև Ալլա Մհերյանն ուղարկեց LiveGood Armenia-ի տելեգրամյան խումբը, որտեղ շուրջ 700 մասնակից կա, ամեն օր խմբի ղեկավարները պրեզենտացիաների միջոցով նորեկներին ներկայացնում են ընկերությունը։

Խմբի ղեկավարները մասնակիցներին վստահեցնում են, որ ընկերությունն օրինական է գործում, հիմնադրվել է ԱՄՆ-ում։ Նաև ասվում է, որ եկամուտ ստանալու մի քանի եղանակ կա, որոնցից մեկն, օրինակ, այն է, երբ մասնակցի հղումով անդամ չհանդիսացող անձը գնում է վիտամիններ, ապա մասնակիցը դրանից տոկոսներ է ստանում։ Նաև նշվեց, որ ընկերությունն ապագայում վիտամիններից բացի՝ նախատեսում է նաև այլ ապրանքներ ու ծառայություններ ավելացնել։ Այնուամենայնիվ, գումար վաստակելու համար ամենագլխավորը նոր մարդկանց ներգրավելն է։

Էկրանապատկերը՝ Live Good Armenia-ի Telegram-ի խմբից

Բաց աղբյուրներից պարզ է դառնում, որ ընկերությունն իսկապես հիմնադրվել է Ամերիկայում։ Մինչդեռ, Յութուբի ամերիկյան ալիքներում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ այն համեմատում են ֆինանսական բուրգի հետ։

Տարօրինակ է նաև այն, որ ընկերությունը, որը զբաղվում է վիտամինների վաճառքով, շահագրգռված է ոչ թե ապրանքներ վաճառելու, այլ անդամ ներգրավելու մեջ։

Չնայած LiveGood ընկերությունը դասական ֆինանսական բուրգ չէ՝ ներդրումներ անելիս պետք է հասկանալ՝ իրոք կարողանալու եք հաճախորդներ ներգրավել, թե պարզապես վճարելու եք 50 դոլար մուտք գործելու, ևս 10 դոլար անդամ դառնալու համար և միայն զեղչով վիտամիններ գնելու հնարավորություն ստանաք։

Այպիսով, նման ընկերությունների հետ համագործակցելուց առաջ պետք է հասկանալ առհասարակ՝ ո՞րն է ընկերության նպատակը, ո՞րն է մեծ թվով մարդկանց ներգրավվելու իրական շարժառիթը, երբ ձեր շրջապատում կամ դրանից դուրս եղած բոլոր մարդկանց հրավիրեք ընկերություն, իսկապես օգուտ ստանալո՞ւ եք, թե՞ ձեր ստացած օգուտը ծախսած ժամանակի համեմատ ավելի քիչ է լինելու։ Եվ արդյոք որևէ փուլում չեք դառնա խաբեության զոհ՝ կորցնելով մեծ գումարներ:

Մեկնաբանել