ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացին ձերբակալվելուց հետո խոշտանգման է ենթարկվել, պնդում են փաստաբանները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանը, ըստ նրա փաստաբանների՝ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման է ենթարկվել։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել է, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նա պատմել է, որ Սամվել Վարդանյանին ոստիկանական մեքենայով ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:

«Այնուհետև ամբողջովին սև հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետև ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա։ Այնուհետև հանում են նրա վրայից տաբատը, և ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել են նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով»,- պատմել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է գրություններ ուղարկել Գլխավոր դատախազություն և ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

«ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ։ ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից»,- ասված է ՄԻՊ-ի գրասենյակի հայտարարությունում։

Սամվել Վարդանյանի խոշտանգումն ու նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը դատապարտել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու իրավապաշտպաններ։

Մեկնաբանել