ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացու նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։

«2024-ի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, կատարել է խուլիգանություն»,- ասված է հաղորդագրությունում։

Պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած քաղաքացին ձերբակալվել էր ապրիլի 15-ին։

Սամվել Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման է ենթարկվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է գրություններ ուղարկել Գլխավոր դատախազություն և ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Սամվել Վարդանյանի խոշտանգումն ու նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը դատապարտել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու իրավապաշտպաններ։

Մեկնաբանել