ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին` արցախցիների հրատապ կարիքները հոգալու համար

Կառավարությունը ապրիլի 18-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման ֆինանսավորման համաձայնագիրը։ Դրա արժեքը 15 միլիոն եվրո է։ Հարցը ներառված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում։ Հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։

Աջակցությունը նպատակաուղղված կլինի օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով:

Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ենթադրում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ (մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի) ծախսերը հոգալու համար:

Ծրագրի երրորդ մասով նախատեսվում է փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։

Ըստ կառավարության որոշման հիմնավորումների՝ ԵՄ-ի հետ բանակցություններ են ընթանում այս ծրագրի բյուջեի 15 միլիոն եվրոյին ևս 15 միլիոն եվրո ավելացնելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ այն կիրականացվի 2024-ի տարեվերջին։

Մեկնաբանել