Պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը:

«Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, և անցյալ տարվա աշնանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով։ Դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- ապրիլի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին։

***

Ապրիլի 17-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել