Աղդամում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությունը կդադարեցվի

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը։ Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը։

«Ղարաբաղում հրադադարի վերահսկման և խախտումների կանխարգելման համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2021-ի հունվարի 30-ին Ադրբեջանի Աղդամ քաղաքում ստորագրված հուշագրի հիման վրա ստեղծված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկող կենտրոնն ավարտում է իր գործունեությունը։ Գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- նշել է թուրք պաշտոնյան։

***

Ապրիլի 17-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել