«Բացարձակ ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ բրուսելյան պայմանավորվածությունների մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե իբր եռակողմ բանակցությունների ընթացքում ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։ Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը:

«Այդ փաստաթուղթը բացարձակ ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- ասել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ պատասխանելով ադրբեջանական Azertac պետական գործակալության հարցմանը։

***

Ապրիլի 19-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից հերքում է ակնկալում բրյուսելյան պայմանավորվածությունների վերաբերյալ․ «Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանինն է»,- ասել էր Զախարովան։

Զախարովան չէր բացառում, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ «Երևանին պարտադրվել է» փոխարինել ռուս սահմանապահներին արևմտյան մասնագետներով, ինչպես նաև փոխել կողմնորոշումը Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժման վերաբերյալ։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հերքել էր բրյուսելյան հանդիպման շուրջ տարածված դավադրապաշտական լուրերը՝ նշելով, որ բանակցություններում «գաղտնի օրակարգ չի եղել»։

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Երևանը, Բրյուսելը և Վաշինգտոնը, անդրադառնալով հանդիպման վերաբերյալ շահարկումներին, հայտարարել էին, որ հանդիպումն առաջին հերթին տնտեսական ուղղվածություն ունի։ Գագաթնաժողովի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ նշված է առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ի կողմից 65 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին։ Հայտարարությունում խոսվել է նաև Հայաստանի համար ռիսկերը մեղմելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը ամրապնդելու ԵՄ ու ԱՄՆ-ի հանձնառության մասին։

Մեկնաբանել