Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Հայաստանին Ռուսաստանից պոկելու Արևմուտքի փորձերը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Հայաստանին Ռուսաստանից պոկելու Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները։

Ռուսական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են դաշնակիցներ մնալ։

«Այնուամենայնիվ, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք։ Մենք դեռ մեզ դաշնակիցներ ենք համարում։ Մենք իրավաբանորեն ենք դաշնակիցներ, բայց կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն։ Այնտեղ [Հայաստանում] կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման հարցում»,- ասել է նա։

Այս համատեքստում Լավրովը մեջբերել է ապրիլի 10-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ Հայաստանի ղեկավարն ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները «ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել»։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է․ «Ինձ թվում է, որ դրանք շատ կարևոր խոսքեր են, քանի որ որոշ չափով դա արձագանք է Հայաստանին արագացված տեմպերով Ռուսաստանից պոկելու Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Եվրամիության լկտի, անամոթ գործողություններին»,- ասել է Լավրովը։

Անդրադառնալով Երևանի մեղադրանքներին, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել Հայաստանում իր պատասխանատվության գոտին, Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ «Հայաստանն ինքը դեռ չի որոշել»։

«Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանի հետ միասին պատրաստ են հարգել 1991-ի սահմանները՝ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի, սակայն զուգահեռաբար ստեղծել են սահմանազատման հանձնաժողով։ Փաշինյանը վերջերս հայտարարեց Տավուշի շրջանի 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է հանձնել։ Հիմա նա այդ համայնքներում բնակչությանը վստահեցնում է, որ հակառակը սխալ կլինի։ Իսկ 1991-ի սահմանները, որոնք Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը պաշտպանի, հաշվի չեն առնվում։ Դրանք սահմանազատման և միակողմանի քայլերի ընթացքում դառնում են շարժական։ Ուստի, նախքան ասելը, թե ՀԱՊԿ-ը պետք է նշի պատասխանատվության գոտին, նախ պետք է նշի Հայաստանի սահմանը և ավարտին հասցնի սահմանազատումը»,- նշել է նա։

***

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն առաջացել է 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ 2022-ի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

2024-ի մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է․ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել