Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպման արդյունքում «կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։
«Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի միջև մինչև 2024-ի մայիսի 15-ը»,- ասված է հաղորդությունում։
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար․ «Կողմերը համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»:
ԱԳՆ-ն հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել նաև մինչև հուլիսի 1-ը ավարտին հասցնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991-ի հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերը»։
Արտգործնախարարությունից նշում են, որ հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով ութ հանդիպում է կայացել՝ վեցը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։
***
Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հարցը ներկայացնում է որպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի գործնական փուլի մեկնարկ: