Խաղաղապահների դուրսբերումը վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը․ հայտարարություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք՝ «Արդարություն», ՀՅԴ և Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալը որակելով խիստ մտահոգիչ և նշելով, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը։

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը»,- նշված է հատարարությունում։

Ըստ հայտարարության՝ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:

«Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները մտահոգված են, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հորդորում են ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում։

Մեկնաբանել