Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանազատման գործընթացը

Փոխվարչապետ, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում են կառավարությունից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով ութ հանդիպում է կայացել՝ վեցը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։

Մեկնաբանել