Ադրբեջանը սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգության ապահովման համար։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, ներկայումս այն Ադրբեջանի տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար։ Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը՝ մեկնաբանելով Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։
***
Ապրիլի 17-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ: