Հարցի պատասխանը չունեմ՝ ինչու ենք մնում ՀԱՊԿ անդամ․ Նիկոլ Փաշինյան  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ ՍիվիլՆեթը Փաշինյանի խոսքից առանձնացրել է մի քանի հատվածներ։ Ենթավերնագրերով բաժանումները ՍիվիլՆեթինն են։

«Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին»

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին հինգ ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու:

Այսինքն, իհարկե, ներդրողները՝ այո, իհարկե, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս առումով, Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, մեզ անհանգստացնում է: Ինչու՞, որովհետև Դուք ճիշտ նկատեցիք, եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ:

Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն:

Սահմանազատման մասին

[…] մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

ՀԱՊԿ-ի մասին

[…] եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ:

[…] Եվ վերջերս շատ հետաքրքիր արձանագրում էր արվել, երբ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն ասում են, որ իրենք առաջարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Սա, կներեք, բայց Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն է, որովհետև ինքը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես Հայաստանի դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար: Ես նկատի ունեմ՝ շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում: Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ինչպես տեսնում եմ՝ եթե չի հատել կազմակերպությունում մեր մասնակցության տաքացման անհնարինության գիծը, բայց եթե այսպես շարունակվի, ես նկատի ունեմ՝ այն քաղաքական դիրքորոշումները, որ արտահայտում են, ակնհայտ է, որ նաև այդ գիծը կհատվի: Այսինքն՝ առնվազն եթե այսպես ասենք՝ վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին:

Արցախցիների վերադարձի մասին

Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրներն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ անենք, պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք:Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա:

Հարցացրույցն ամբողջությամբ վարչապետի կայքում։

Մեկնաբանել