Ցեղասպանության տարելիցին ընդառաջ Էրդողանը հորդորում է Հայաստանին «անհիմն պատմությունները մի կողմ դնել»

Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և եկել է ժամանակը, որ անհիմն պատմությունները մի կողմ դրվեն․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաք կատարած այցից հետո ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողությունների հետ, քան գործել իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմություններով։ Դա հիմա հասկանում է նաև Փաշինյանը»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով լրագրողի հարցադրմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «նախորդ օրերին խոսելով 1915թ․ իրադարձությունների մասին՝ «Մեծ ողբերգություն» եզրույթն է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն։

Լրագրողը նաև հարցրել է, թե արդյոք Հայաստանի վարչապետի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանը հեռանկարում Ադրբեջանի և այլ դերակատարների հետ մասնակցի տարածաշրջանային մեծ նախագծերին։

Ըստ Էրդողանի՝ պատմական գործընթացներով պետք է պատմաբանները զբաղվեն, ապա շարունակել է, որ «ներկայում իրականության հիման վրա նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակն է»։

«Հուսով եմ՝ Հայաստանը, Սփյուռքի կապանքները հաղթահարելով, հանուն վաղվա օրվա նոր հնարավորություններով լի ճամփան կընտրի։ Հնարավորության դռներն անվերջ բաց չեն լինելու, և անհրաժեշտ է օգտագործել դրանք»։

Էրդողանը հայտարարել է, թե այս գործընթացում, բացի հայկական Սփյուռքից, բազմաթիվ գործոններ են ազդում Հայաստանի վրա։

Մեկնաբանել