Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ գործադիրը հայտնել էր, որ ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Մեկնաբանել