Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը կլսվի նոյեմբերի 6-ին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում` դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին տեղի կունենա նախնական դատական նիստ` քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի գործով, հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Հայցվորը պատասխանողից պահանջում է հատուցում իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի համար:

Նույնպիսի հայցապահանջներով դատարան դիմումներ են ներկայացրել քաղաքացիներ Գարեգին Չուգասզյանը և Դավիթ Սանասարյանը: Նրանց դիմումները համապատասխանաբար ընդունվել են հիշյալ դատարանի դատավորներ Աիդա Դավթյանի և Էդուարդ Ամալյանի վարույթ:

Ներկայացված հայցերի առիթը Ռուբեն Հայրապետյանի՝ Nouvelle d’Armenie ամսագրին տված հարցազրույցն է: Հայրապետյանը հարզազրույցում վիրավորել էր «Հարսանքարի» միջադեպի բոլոր մեղավորներին պատժել պահանջող ակտիվիստներին: