Երևանը կողմ է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացմանը

Հայաստանը կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։

Նա նշել է, որ հնարավոր հանդիպման ամսաթվի մասին ԱԳՆ-ը կտեղեկացնի «դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»։

«Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- ասել է Բադալյանը։

***

Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»։

Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։

«Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար»,- նշել էր Տոկաևը։

Մեկնաբանել