Ինչպես է ANIF-ը փորձել հիմնավորել բարձր աշխատավարձերը ՊՎԾ-ի ստուգումների օրերին

Անցած տարի՝ այն ժամանակ, երբ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր սկսել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF), դրա ղեկավարները ենթադրաբար փորձել են հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերն ու դրանց ձևավորումը, այդ նպատակով ծախսել ավելի քան 30 000 դոլար։ ANIF-ը պատվիրել է մի ուսումնասիրություն՝ համեմատելու համար, թե որքան աշխատավարձ են ստանում համանման ֆոնդերի ղեկավարները այլ երկրներում։ Այդ ուսումնասիրությունը ֆոնդը հրաժարվում է հրապարակել։

ՊՎԾ-ն մտել է ANIF, ANIF-ը՝ գտել «լուծում»

ANIF-ը ստեղծվել էր 2019-ին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, ՀՀ-ում լայնածավալ ներդրումները խթանելու նպատակով։ Հիմնադրումից մինչև 2023-ի մայիս ANIF-ը գործում էր վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ, համաֆինանսավորում ներդրումներ արևային էներգետիկայի, ավիացիայի, բեռնափոխադրումների, նույնիսկ ռեստորանային բիզնեսի ոլորտներում։ Ներդրումները կատարվում էին նաև ANIF-ի դուստր ձեռնարկության միջոցով։

Վարչապետին ենթակա մարմին համարվող Պետական վերահսկողական ծառայությունը 2023-ի մարտի 9-ից մեկնարկել է ստուգման գործընթաց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF): Ավելի ուշ պարզվել է, որ այդ ուսումնասիրությունները ներառում էին նաև ֆոնդի ղեկավար կազմի աշխատավարձերի չափն ու դրանց ձևավորումը, այդ մասին 2024-ի սկզբին հայտնել էր ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

ՊՎԾ-ի՝ ANIF մուտք գործելուց մեկ շաբաթ անց ֆոնդը 12 մլն դրամով (անցած տարվա մարտի փոխարժեքով ավելի քան 30 000 դոլարով) ուշագրավ պայմանագիր է կնքել «Էրնսթ ընդ յանգ» աուդիտորական, խորհրդատվական ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ «Էրնսթ ընդ յանգ»-ը պետք է ANIF-ին տրամադրեր ուսումնասիրություն տարբեր երկրներում ANIF-ի հետ համադրելի ֆոնդերում ղեկավար անձնակազմի վարձատրության չափի, կառուցվածքի և հիմնավորումների վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ ANIF-ի ղեկավար կազմի բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների հիմքում համեմատական ուսումնասիրությունը կօգներ ՊՎԾ-ին ներկայացնել, թե որքան հիմնավոր են եղել աշխատավարձերը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում։

Ըստ «Էրնսթ ընդ յանգ»-ի հետ կնքված պայմանագրի՝ պետք է առավելագույնը տասը պաշտոնների աշխատավարձերի համեմատական անցկացվեր ANIF-ի ու այլ երկրների համանման ֆոնդերի միջև․ խոսքը տնօրենի, փոխտնօրենի, ֆինանսական, գործառնական, անվտանգության, բիզնեսի զարգացման, անվտանգության, իրավական գծով տնօրենների հաստիքների մասին էր։ Ընդ որում՝ ANIF-ի և «Էրնսթ ընդ յանգ»-ի միջև պայմանագիրը ներառել է մի կետ, որը կարող էր հայեցողական հնարավորություններ տալ ֆոնդին ընտրել հենց այն երկրները, որտեղ համադրելի ընկերության աշխատակիցների աշխատավարձն ավելի բարձր է եղել։ Մասնավորապես, ըստ պայմանագրի, «նախագծի իրագործման ընթացքում համանման կամ համադրելի ընկերությունների թե նախնական, թե վերջնական ցանկերը պետք է համաձայնեցվեն ANIF-ի աշխատակցի հետ»։

Փաստացի, ֆոնդը աշխատավարձերի համեմատական այլ երկրների հետ իրականացրել է ոչ թե 2019-ին, երբ հիմնադրվում էր կամ աշխատավարձերի չափերն էին ֆիքսվում, այլ միայն այն ժամանակ, երբ ՊՎԾ-ն իրականացնում էր ստուգումներ։ «Էրնսթ ընդ յանգ»-ը այս համեմատական աշխատանքը պետք է իրականացներ քսան օրվա ընթացքում, հետագայում վերջնաժամկետը երկարաձգվել է ևս տասն օրով։

Պետական ֆոնդը հրաժարվում է տրամադրել գնման առարկան

«Էրնսթ ընդ յանգ»-ի հետ կնքված պայմանագրի շարժառիթները թեպետ պարզ են, սակայն անգամ այդ դեպքում ANIF-ը հրաժարվում է տրամադրել 30 000 դոլարանոց այս ուսումնասիրությունը։ Հանրային միջոցներից կատարված գնման առարկան չտրամադրելը ANIF-ը սկզբում հիմնավորում էր այն հանգամանքով, որ ՍիվիլՆեթին այն տրամադրելուն դեմ է հանդես գալիս «Էրնսթ ընդ յանգ»-ը։

«Ընկերությունը չի տվել իր համաձայնությունը ուսումնասիրությունը երրորդ անձանց տրամադրելու կապակցությամբ»,- տեղեկացրել են ֆոնդից։

«Էրնսթ ընդ յանգ»-ի հետ պայմանագիրը, սակայն, ներառում էր մի կետ, ըստ որի, ուսումնասիրության արդյունքների օգտագործման իրավունքը լիարժեք փոխանցվելու է ANIF-ին, որն էլ այն կարող է օգտագործել ցանկացած ձևով՝ ընդամենը այդ մասին տեղեկացնելով պայմանագրի մյուս կողմին։ Ըստ պայմանագրի՝ խոսքը ոչ թե «Էրնսթ ընդ յանգ»-ի համաձայնությունը ստանալուն էր վերաբերում, այլ ենթադրում էր միայն ընկերությանը ուսումնասիրության օգտագործման մասին տեղեկացնելուն։

ANIF-ի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Ղազարյանը, պայմանագրային այս կետը մեկնաբանելով, նշել է, որ «ուսումնասիրության օգտագործման իրավունքը չի ենթադրում սեփական հայեցողությամբ այն երրորդ անձանց բացահայտելու հնարավորություն»։

Ավելի ուշ ANIF-ը հղում է կատարել տեղեկատվության ազատության մասին օրենքի այն կետին, ըստ որի, տեղեկատվություն չի կարող տրամադրվել, եթե այնյ պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, ինչպես նաև խախտում է հեղինակային և հարակից իրավունքները։ Ըստ ANIF-ի՝ այս ուսումնասիրությունը պատվիրվել է ֆոնդի «արդյունավետ կառավարման և հետագա ծրագրերում միջազգային փորձի ներդրման համար»։

Ֆոնդում տեղ գտած խախտումների, ղեկավար կազմի աշխատավարձերի չափի մասին տեղեկություններ չի տրամադրում նաև Պետական վերահսկողական ծառայությունը. այստեղից հայտնել են՝ ուսումնասիրության արդյունքում կազմվել է տեղեկանք, որը ներկայացվել է վարչապետին, վերջինս էլ իրավասու է տեղեկանքի հիման վրա տալ հանձնարարականներ, կիրառել պատասխանատվության միջոցներ։

ANIF-ի հետ կապված քրեական վարույթ՝ առանց մեղադրյալների

ANIF-ում ստուգումներից հետո կազմված ՊՎԾ-ի տեղեկանքի հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ վստահված գույքի խոշոր չափերով հափշտակման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որը պատճառել է առանձապես խոշոր չափերով գույքային վնաս։

Ավելի վաղ Քննչական կոմիտեում քննվում էր մեկ այլ քրեական վարույթ, որը վերաբերում էր ANIF-ի տնօրենների խորհրդում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ այդ պաշտոնները համատեղելու հարցին։ Դատախազությունից հայտնել են, որ այս երկու վարույթները միացվել են մեկի շրջանակում։

Նկատենք, որ ANIF-ի ամենախոշոր ներդրումներից մեկը ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ում ձախողվել է։ Այդ մասին մարտի 20-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը ավիափոխադրողի հիմնման համար ծախսել էր առնվազն 4,5 մլրդ դրամ, այժմ ընկերության թռիչքները դադարեցված են։

Կարդացեք նաև՝

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել