Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել Ադրբեջանում «անարդարացիորեն ձերբակալվածներին»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել «ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացնում է, որ Բլինքենը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:

Պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։

«Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է Միլլերի հայտարարությունում։

ԱՄՆ պետքարտուղարն ապրիլի 28-ին հեռախոսազրույց էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ։ Քննարկվել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

***

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Մեկնաբանել