Սիրում ես հայրենիքդ, թարմացրո՛ւ Google Earth-դ

2024-ի ապրիլի 27, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Նիկոլ Փաշինյան․

«Երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում»։

2019-ի օգոստոսի 5, Ստեփանակերտ, Նիկոլ Փաշինյան․

«Արցախը Հայաստան է և վերջ»։

Եզրակացություն՝ Նիկոլ Փաշինյանը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենթարկեց 2019-ի օգոստոսի 5-ին։

Earth՝ երկիր, Google Earth` «Գուգլ երկիր» հավելվածի որոնման վանդակում թե ծանոթ անունը հավաքես, կտեսնես պապիդ տան վերանորոգված տանիքը․․․ եթե նույնիսկ տանիքը լուծարված է։

Պապս վերևից իր տան տանիքը չի տեսել, եթե նույնիսկ պետք էր լինում տանիքի վնասվածքը փակել, չէր բարձրանում, ասում էր․ «Ես քյոսագյալի (խեղկատակ) չեմ»։

Ես, ի տարբերություն նրա, խեղկատակ դարձա․ ամեն երեկո «Գուգլ երկիր» հավելավածի հետ բարձարնում եմ լուծարված գյուղի տանիքները։

Խեղկատակը պատիժ է։

Ամեն երեկո, երբ Շառլ Միշելը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Տոյվո Կլաարը քնած են լինում, ես ու Google Earth-ը բարձրանում ենք, որ տեսնենք պապիս տան կարմիր տանիքը։

«Սա գյուղի մեծ ճանապարհն է, էս ճանապարհը միայն մի տեղ էր հատվում ուրիշ ճանապարհի՝ աղբյուր տանող արահետի հետ։ Աղբյուրի արահետը էս ա»։

Հենց ես ու «Գուգլ երկիրը» գտնում ենք մեծ ճանապարհի ու աղբյուր տանող արահետի հատման տեղը, ուղիղ գծով պիտի բարձրանանք վեր՝ Ծովիկի տան տակի ծռված թթենու մոտ։ Սովետի բիրտ խաղաղության տարիներին, երբ պատերազմները դասագրքերում էին, աղբյուրից ջուր բերելիս բոլորը Ծովիկի տան մոտի թթենու տակ կանգ էին առնում։

Ես ու «Գուգլ երկիրն» էլ ենք կանգնում։ Ոնց որ դեռ կա թթենին, ինչ-որ բան կա։ Ծովիկենց տունը ոնց որ մի տեսակ էն չի։ Հիշեցի՝ Ծովիկի տունը պատերազմից առաջ էր վառվել, դեռ երկուհազարականների սկզբին։

Լավ, էդ հեչ, հիմա սա Ծովիկի տունն էր, էս էլ թթենին։ Թթենու տակ մի տասը րոպե բոլորը ջրի իրենց ամանները գետնին են դնում, մի քիչ հանգստանում են։

Ես քաղաքացի էի, չսովորեցի ջրի մեծ տարաներով աղբյուրից ջուր կրել։ Կաթնամանի պստիկ պլաստմասե տարայից կարողացա աճել մինչև միջին չափերի մի էմալապատ դեղին բիդոնի։ Բիդոնից մի քիչ թափվում էր ճամփին, մյուս մասն էլ խմում էր Օհանյան Ալբերտը։

Մաթեմատիկայի ուսուցիչն էր Օհանյան Ալբերտը, շատ գեր էր, շատ խելացի էր ու շատ բարի։ Մի խոսքով՝ ամեն ինչը շատ էր։ Ամառային արձակուրդին Օհանյանը անելու բան չուներ։ Նստում էր դարպասի դիմաց իր հասակն առած հոր՝ Սարգսի ու մոր՝ լուսեղեն սպիտակ Լուսիկի կողքին, ու հենց աղբյուրից ինձ նման մի միամիտ ջրբեր էր անցնում իրենց տան մոտով, սիրալիր կանչում էր, ձեռքի բիդոնը քաշում գլխին, կիսատ ամանը տալիս էր ձեռքդ, ասելով՝ շեն կենաս։ Ու դու «շեն մնացած» կես բիդոն ջուրը տանում էիր տուն։ Հետո գյուղական համայնքի հիացմունքին արժանանալու համար պատահում էր, որ մի անգամ էլ էիր իջնում ջրի։ Օհանյան Ալբերտը որ տեսնում էր նորից ես գնում, արդեն ավելի բարիացած էր լինում, ասում էր․

– Ջուրդ լրիվ խմեցի, հա՞, ա բալա։

Բարին՝ բարի, բայց դու նորից էիր խմելու, եթե ես անխելք լինեի ու նույն ճանապրահով հետ գայի։ Եվ ես ընտրում էի ավելի երկար, բայց անհամեմատ ավելի ապահով արահետը։

Հիմա «Գուգլ երկիրով», ուրեմն, Օհանյան Ալբերտի տան ուղիղ հետևի մասին ենք հասնում։ Ալբերտենց տան ուղիղ հետևում մեր տան դիմացի փայտե նստարանն է։

Եթե նստեիք մեր դարպասի դիմացի նստարանին, Ալբերտի տան երկրորդ հարկի պատը ձեր հենվելու պատն էր լինելու, պատին կարմիր յուղաներկով գրած՝ «Танцор Диско»։

Earth-ը դա չի տեսնում։

Ընկեր Օհանյանի տան երկրորդ հարկի կողային պատուհանի ապակուն միշտ սպիտակ թուղթ էր կպցրած լինում, որ սենյակի ներսը չերևա։ Օհանյանի տան երկրորդ հարկի կողային պատուհանից «անդին»-ը չի երևում նույնիսկ «Գուգլ երկիր»-ով։

Ես ու Google Earth-ը նստարանի դիմացի կարմիր դարպասն ենք բացում։ Եթե տատս կարդար, կուղղեր «կարմիր չի, մատաղ ինիմ, բոսորագույն ա»։ Խիստ գրական բառերի սիրահար ուսուցչուհի տատս վախենում էր Ղարաբաղյան շարժումից, մեր տան միակ մարդը, որ վախենում էր, ասում էր՝ արյուն-հեղեղ ա լինելու։ Մնացածս քաջ էինք։

Google Earth-ն արդեն հոգնել է, մենակ եմ գնում։ Մեր բակի մեծ թթենին չեմ տեսնում, վատ բան եմ մտածում, բայց դե, մենք հո գիտենք, ինչ պիտի անես վատ բան մտածելիս՝ անմիջապես խաբիր ինքնդ քեզ․ ոչ մի բան էլ չի եղել, լավ չի երևում, ուղղակի։ Բայց ոնց կարող է լավ չերևալ հսկա ծառը։ Ծառը ահավոր հաստ էր ու թեքված։ Հսկա էր, ծառ չէր։

Մինչև մեր տանիքի լուծարվելը, 2023-ի ամռանը Գրականության և արվեստի թանգարանի արխիվում, երբ հորական պապիս հորեղբոր տղա Տիրայր Տեր Հովհաննիսյանի արխիվն էի ուսումնասիրում որպես տուրք բլոկադայի մեջ գտնվող Արցախին, Արշակ Չոպանյանի ու նրա նամակագրության արանքներում ինձ համար ցնցող լուսանկարներ գտա՝ մակագրությամբ․ «Նորշեն, 1895, թթի ծառի տակ»․․․ մեր թթի ծառն էր։

Հսկա թթի ծառը, որի տակ ամիսներով ապրում ու պատկերացնում էինք՝ ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես։

Մեր թթի ծառի վերին վերջին տերևը երկրորդ հարկի պատշգամբից բարձր էր։ Ու քնելիս պառկած նայում էի ծառի ամենավերևի տերևին ու մտածում էի, որ մեզնից ոչ մեկը, ոչ մի ձևով չի կարող գոնե մի մատով տերևին կպնել։ Մեր ծառի վերին տերևն անհասանելի էր։

Այն ժամանակ չգիտեի, որ Earth-ով մի քիչ էլ ես խոշորացնում, մի քիչ էլ, ու վերջին տերևը մտնում է աչքդ։

Գուգլի հետ հասնում ենք մեր տան տանիքին։ Երեք կարմիր տանիք իրար կպած։ Մեջտեղինը մերն է։ Մյուս կողային տանիքը Տիրայր Տեր-Հովհաննիսյանի հայրական տունն էր։

Մի քիչ կանգ ենք առնում «կռիշ»-ի վրա՝ ողբերգակ Կառլսոնի նման, եղունգներով համակարգչի ստեղնաշարը ճանկռում մի քիչ, հետո «Գուգլ երկիրի» հետ սահում ենք վերև։

Կենտրոն․ Միշայի վարսավիրանոցը, պատին՝ կինոյի աֆիշը։ Մեծ դարպասի բակում երկու հոգևորական եղբայրներ՝ Գարեգին և Ներսես Տեր-Կարապետյանների հսկա դարպասն է․ ամենահետաքրքիր կառուցվածքով տներից մեկը, որոնք տան հետնամասից էլ ելք ունեին դեպի գյուղի խաչմերուկ։

Գյուղի կենտրոնում «Գուգլ երկիրը» մեծ թեղին չի գտնում, չկա մեծ թեղին, որի ստվերում շախմատի մրցաշարերն էին։ Չկա գյուղի մեծ, երկհարկանի փոստատան կարմիր տանիքը՝ կուլակաթափ եղած Հակոբովների տունը, որոնք երբեք չերևացին գյուղում։

Հետո էլի վերև, աջ, տների միջով դուրս ես գալիս գյուղի վերին մասը՝ Շարոկը։ Արմատը «շար»-ն է, մնացածը հնարել են մարդիկ։ Շարոկով Google Earth-ի հետ գնում ենք մի քիչ վեր՝ գյուղի հանգստարանն է․ մարդիկ չէին մեռնում, ուղղակի բարձրանում էին գյուղի գլխին մի քիչ երկար հանգստանալու։


Մ․թ․ա Պյութագորասը ենթադրեց, որ Երկիրը գնդաձև է։ Հետո իմացան, որ լիարժեք գնդաձև չէ։

Google Earth հավելվածով պապիս լուծարված տանիքին նայելելով՝ պարզ երևում է, որ աշխարհը տափակ է, տափակ։

Իսկ Երկրի ամենակարծր մասը երկրակեղևը չէ, ինչպես կարծում են, այլ մարդիկ, որոնք Google Earth-ով կարողանում են նայել իրենց տների կարմիր տանիքներին։

***

Ապրիլի 27. Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Նիկոլ Փաշինյան․ «Հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։

Սիրում ես հայրենիքդ՝ թարմացրու Google Earth-դ։

Ապրիլի 27, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, Նիկոլ Փաշինյան․ «Սյունը (Տավուշի) Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարն է»։

Ցից քարը, շինարարական տեսանկյունից, անկյունաքար լինել չի կարող։

Մեկնաբանել