Վարդան Մինասյան․ Եկեք չշտապենք, որ չսայթաքենք

Հայաստան – Իտալիա հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

-Ինչպե՞ս կգնահատեք խաղը։
-Կուզեի սկսել Իտալիայի հավաքականին շնորհավորելով: Խոսելը միշտ էլ դժվար է պարտությունից հետո, սակայն կասեմ, որ այս տարի մեր ցուցադրած լավագույն խաղերից էր: Խաղացինք այն ագրեսիվ ֆուտբոլը: Ես տղաներին էլ հանդերձարանում ասեցի, որ իրենցից գոհ եմ: Երկրորդ խաղակեսն ավելի լավ էինք սկսել: Պարզապես այնպես էր, որ ով գոլ խփեր` կհաղթեր: Թիմն այսօր իրոք լավ խաղաց: Մի մոռացեք, որ խաղում էինք Եվրոպայի փոխչեմպիոնի հետ:
-Ճիշտ չէ՞ր Սարկիսովին ավելի շուտ մտցնել, քան Մանուչարյանին:
-Ես ուզում էի խաղը արագացնել, քանի որ զգում էի, որ թիմն արագացնում է ու լավ է խաղում, պարզապես ցավալի գոլը ստացվեց, բայց փոփոխությունն արդարացված էր: Բացի այդ, Մանուչարյանն իրեն լավ էր դրսևորել մարզումներին:
-Պաշտպանությունից գո՞հ եք:
-Եկեք չառանձնացնենք: Որոշ դրվագներում սխալներ կային, որոնք պետք է շտկել: Առաջին գոլի դեպքում չեմ կարող ասել, կա՞ր 11-մետրանոց, թե՞ ոչ, սակայն երկրորդ գոլը պաշտպանության սխալն էր:
-Վալերի Ալեքսանյանն առաջին անգամ էր աջ պաշտպանի դիրքում:
-Ես նորից եմ ասում, որ չեմ առանձնացնում, թիմի պաշտպանությունը սկսում է հարձակումից, եթե այնտեղ ավելի ագրեսիվ լինենք, գործը պաշտպաններին չէր հասնի: Սա ապագայի թիմ է: Եկեք չվազենք, թե չէ կարող ենք ընկնել:
-Առաջին 15 րոպեն մրցակցի հեղինակությունն էր ճնշում:
-Բոլոր խաղերում էլ առաջին րոպեներին լարվածություն զգացվում է: Դա կարող էին նաև Բուլղարիայի հետ խաղում նկատել:

Մեկնաբանել