Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։

Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։

Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։

Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։

«Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։

Ի՞նչ է հայտնում Հանրայինը

Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։

Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։

«Լուրեր»-ի անդրադարձները ցույցերին հիմնականում հաղորդման երկրորդ հատվածում են այն պարագայում, երբ տավուշյան ցույցերը երկրի գլխավոր իրադարձությունն են։

23։50-ից Լուրեր 21:00 | Մեր առաքելությունը ՀՀ-ն ազատ, զարգացած և անվտանգ պետություն կայացնելն է. վարչապետ

Հ1-ը հատվածական է ներկայացրել նաև «Երկրապահ կամավորականների միության» մեքենայի հետ կապված երկու միջադեպերը։ Ըստ ցույցի մասնակիցների՝ ապրիլի 21-ին ԵԿՄ մեքենան ընթացել է (տեսանյութ) իրենց ուղղությամբ, ինչից հետո բախումներ են սկսվել։ «Լուրեր»-ը, սակայն, ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահանգն Ալեքսանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ պատգամավորն ասում է, թե «Երևանից գնացած խումբը տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության մեքենան է ջարդել»։ «Լուրեր»-ի ուշադրությունից դուրս է մնացել այն պահը, երբ ԵԿՄ-ի վարորդը մեքենայի վրայով ցատկում է ցուցարարների վրա։

Ապրիլի 23-ին նույն մեքենայի, նույն վարորդով մասնակցությամբ երկրորդ միջադեպի մասին «Լուրեր»-ում ներկայացվել էր Քնչական կոմիտեի հայտարարությունը, որ մեքենան փորձել է անցնել ճանապարհը, վիճաբանություն է սկսվել ցուցարարների միջև, որից հետո ցուցարարները սկսել են փայտերով հարվածել մեքենային։ Լրատվական թողարկման ժամանակ չի նշվում նաև, որ, ըստ ցուցարարների, մեքենան է մխրճվել ցուցարարների մեջ։ Մեքենան պատկանում է Երկրապահ կամավորականների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Յուրա Հարությունյանին։ Նա հաստատել է, որ ինքն է «ուժ գործադրել ու բացել ճանապարհը»։

Ապրիլի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ ընտրվեցին Տավուշի համայնքների ղեկավարներ, սովորական տավուշեցիներ և այլք։ Հանձնաժողովի ստեղծման հաջորդ օրը հայտնի դարձավ, որ սահմանազատման մարզային խմբի 11 անդամներից 7-ը հրաժարվել է հանձնաժողովի անդամությունից։ Հանրային հեռուսաընկերությունը չի անդրադարձել այդ փաստին։

Ապրիլի 26-ին լարվածություն էր առաջացել Տավուշում։ Ցուցարարները, նկատելով դեպի Բերքաբեր գնացող առանց պետհամարանիշի մեքենա, արգելափակել էին մեքենայի մուտքը։ Լրատվական թողարկումը անդրադարձել է Բերքաբեր գնացող մեքենայի հետ կապված միջադեպին, սակայն չի նշել, որ մեքենան եղել է առանց պետհամարանիշերի, մեքենայում գտնվող անձինք դուրս չեն եկել մեքենայից, ինչն էլ կասկածելի է թվացել ցուցարարներին: Անգամ կասկած կար, որ Ադրբեջանից ներկայացուցիչ կա մեքենայում։ #CivilNetCheck-ը նախորդ հոդվածում պարզել էր, թե ով է իրականում եղել մեքենայում։

Առհասարակ իր լուսաբանումներում լրատվամիջոցը հավաքների վերաբերյալ մեծ տեղ է հատկացնում Քննչական կոմիտեի, Ոստիկանության և պետական այլ մարմինների հայտարարություններին, որոնք նշում են ձերբակալվածների, կարգազանցների, խուլիգանության հոդվածով վարույթների մասին: Արդյունքում տպավորություն է, թե հավաքներին միայն բախումներ են լինում, հասկանալի չէ հավաքներին մասնակցող հասարակ տավուշցիների պահանջը։

Ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում լրատվական թողարկումը երբևէ առանձին հարցազրույց չի արել ցույցերին մասնակցող տավուշցիների հետ։ Ինչպես նշեցինք, հեռուստաընկերությունը տավուշյան դեպքերի կիզակետում չունի լրագրող և օպերատոր։

Չնայած ապրիլի 28-ի ռեպորտաժում լրագրողն ինքն է ասում, որ այս պրոցեսում դուրս են մնում տավուշցիների իրական մտահոգությունները՝ նույն ռեպորտաժում նա ձայն է տալիս քաղաքական վերլուծաբանների, որոնք հիմնականում խոսում են ռուսական միջամտության մասին՝ որպես «ապացույց» նշելով ցույցերի միջոցով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փակումը, որի նպատակը նրանց խոսքով՝ Արևմուտքից եկող հոսքերը փակելն ու Հայաստանի տնտեսությունը վերջնական կաթվածահար անելն է։

Տավուշցիներին ձայն տալու փոխարեն՝ լրատվամիջոցը հաճախ ներկայացնում է իշխանական պատգամավորների հայտարարությունները, ֆեյսբուքյան գրառումները ցույցերի վերաբերյալ։

Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բաքուն ստիպված է համաձայնել սահմանազատմանը. փորձագետներ

Այսպիսով, արդեն տասն օրից ավելի է, ինչ Տավուշում, այլ մարզերում և Երևանում հավաքներ են ընթանում, ճանապարհներ փակվում, բայց Հանրայինի «Լուրերի» գլխավոր թողարկումը հավաքներին անդրադառնալիս մեծամասամբ ներկայացնում է իրավապահ մարմինների հայտարարությունները, իսկ Տավուշի բնակիչների հետ չի զրուցում` հասկանալու նրանց մտահոգությունները։

Մեկնաբանել