Վրաստանը կառավարող օլիգարխը` իրականությունից կտրված․ OC Media

բիձինա իվանիշվիլի

OC Media-ի խմբագրական հոդվածը՝ թարգմանաբար

Բիձինա Իվանիշվիլին, որը նախկինում գործում էր կուլիսների ետևում, այժմ արդեն սկսել է գործել բաց՝ Վրաստանի ապագայի վերաբերյալ իր մռայլ տեսլականով։ Իրականությունից կտրված և էմոցիոնալ իր ելույթում՝ լի դավադրության տեսություններով և բռնաճնշումների սպառնալիքներով, Վրաստանի իշխող օլիգարխը հստակ հասկացնել տվեց, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այլախոհությունը երկրի ներսում կամ Արևմուտքում իր քննադատների կողմից:

Մեկուսի կյանք վարող միլիարդատերն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության «պատվավոր նախագահը» ապրիլի 29-ին իջավ Թբիլիսիի վերնամասում գտնվող իր պողպատե պալատից և երևաց հանրությանը, ինչը հազվադեպ երևույթ է։

Խորհրդարանի դիմաց Բիձինա Իվանիշվիլին բարձրացավ բեմ՝ ներկայացնելու երկրի վերաբերյալ իր ծրագրերը:

Նա խոստացավ պայքարել հանուն օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրինագծի: Իվանիշվիլին դատապարտեց Արևմուտքին՝ այն անվանելով «պատերազմի գլոբալ հրահրողներ» և սպառնաց հաշվեհարդար տեսնել ներքին քննադատների նկատմամբ, որոնց նա անվանեց «արմատներ չունեցող» մարդիկ, որոնք աշխատում են արտաքին շահերի համար:

Նա խոստացավ «քաղաքական և իրավական խիստ դատավճիռ կայացնել հավաքական Ազգային շարժման համար», եզրույթ, որն օգտագործվում է իշխող կուսակցության բոլոր քննադատների համար՝ ընդդիմադիր կուսակցություններից մինչև ժողովրդավարության համար պայքարող ակտիվիստներ, ներառյալ Սահակաշվիլիի վաղեմի քննադատները:

Նա անկեղծորեն և խիզախորեն հայտարարեց, որ իր կուսակցությունն ի սկզբանե վարանում էր պատշաճ կերպով նկարագրել քաղաքացիական հասարակության դեմ պայքարելու իրենց դրդապատճառը՝ նշելով, որ դրանք «գործիքներ» են, որոնք իր կուսակցությանը կարող են զրկել իշխանությունից:

Իվանիշվիլին ձևականորեն համաձայնեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի հայտարարած նպատակին՝ պնդելով, որ երկիրը ԵՄ անդամ կդառնա մինչև 2030-ը՝ պահպանելով իր «արժանապատվությունն» ու «ինքնիշխանությունը»։

Բացի այդ, նա պարզ ձևակերպեց իր դոկտրինը, որ ժողովրդավարական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով իր կառավարությունն արձակելը կնշանակի երկրի ինքնիշխանությունը հանձնել Արևմուտքին, ինչը հնարավոր չէ հանդուրժել:

Իվանիշվիլին հստակ ջանքեր գործադրեց հանրությանը նախապատրաստելու արտաքին քաղաքականության հարցում շրջադարձին, որին այժմ իր կառավարությունն արագ և ուժի միջոցով ձգտում է հասնել:

Օրինակ՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ խոստանալու փոխարեն, որ ակնկալում է ԵՄ-ն, նա ողջունեց իր վերահսկողության տակ գտնվող օրենսդրական մեծամասնությունը, որը թույլ չի տալիս բարեփոխումներ իրականացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և դատական համակարգում, ինչի արդյունքում դրանք կդառնան ավելի թափանցիկ և ավելի քիչ խոցելի կլինեն նրա քաղաքական միջամտության համար:

Նա պարզաբանեց, որ իր կառավարությունը մտադիր է այս տարվա վերջին բացատրել, թե ինչու սաբոտաժի ենթարկեցին ԵՄ-ի հետ ասոցացման բանակցությունների մեկնարկը այնպես, ինչպես 2022-ին բացատրեցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու սկզբնական ձախողումը, երբ տարածում էին դավադրության տեսություններ և Արևմուտքին մեղադրում Վրաստանի հետ անարդարացի վարվելու մեջ։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ իր նկարագրություններում՝ Իվանիշվիլին բացահայտորեն կիրառում էր Վլադիմիր Պուտինի բառապաշարը, որը կիրառել է նույն հռետորաբանությունը՝ «պատերազմ հրահրողներ»՝ տարիներ շարունակ բնութագրելու ուկրաինական կառավարությանը նախքան այդ երկիր ներխուժելը: Այն, ինչ միավորում է այս երկու չընտրված առաջնորդներին, այժմ դուրս է գալիս պարզապես բառերի ընտրության շրջանակից. նրանք երկուսն էլ ունեն այն մոլուցքը, որ ԱՄՆ-ն է արևմտյան կամ տեղական յուրաքանչյուր կազմակերպության հետևում, որին նրանք չեն կարող հանդուրժել, որ ԱՄՆ-ն է ավտորիտարիզմի դեմ դուրս եկող ցանկացած ժողովրդական դիմադրության հետևում, լինի դա 2003-ի Վարդերի հեղափոխությունը, կամ այն, որ ուկրաինացիները չցանկացան հրաժարվել իրենց ազատությունից։

Բախվելով երիտասարդների կողմից առաջնորդվող բողոքի ցույցերին, որոնց ընթացքում Թբիլիսիի կենտրոնում շաբաթներ շարունակ իրար հաջորդել են կատաղությունն ու տոնակատարությունները, կարելի էր ակնկալել, որ կառավարությունը կփորձի մեղմել զանգվածային ժողովրդական զայրույթը:

Սակայն «Վրացական երազանք»-ի հիմնադիրը մեծ հետաքրքրություն չցուցաբերեց համոզելու որևէ մեկին, այդ թվում՝ պետական աշխատողներին, որոնց իր կուսակցությունն ազատել էր իրենց հանրային պարտականությունները կատարելուց և բերել Թբիլիսի, որպեսզի մասնակցեն իրադարձությանը, որում նա ելույթ էր ունենում։

Իվանիշվիլին որևէ բառ չասաց այն երիտասարդ ընտրողներին, որոնք սարսափում են Եվրոպա մուտք գործելու հնարավորությունը կորցնելու հեռանկարից, այն նույն մարդկանց, որոնք այժմ շարունակում են դուրս գալ փողոց և բողոքել՝ չնայած, որ բռնությունների են ենթարկվում ոստիկանության կողմից։

Փոխարենը, նա առիթն օգտագործեց, որպեսզի ուրվագծի նոր արտաքին քաղաքականության ուղեգիծը, որում վրացիների արևմտամետ ընտրությունը պայմանավորված է նրանով, թե որքանով է Արևմուտքը պատրաստակամ ընդունելու իր՝ Իվանիշվիլիի աճող ավտորիտարիզմը։

Նրա կողքին կանգնած՝ երկրի բարձրաստիճան պետական պաշտոնյաները (ներառյալ նրա նախկին կորպորատիվ աշխատակիցներից շատերը) ասես լինեին այն, ինչ իրականում են՝ նրա կամակատարները:

Եվ ավտորիտարիզմի ու արևմտամետ դիրքորոշումից շեղվելու մասին քաղաքական հստակ ուղերձներից բացի, Իվանիշվիլին բոլորին ցուցադրեց իր աշխարհայացքի խելագարության աստիճանը, որը լիովին հակասում է վրացիների մեծամասնության, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի տասնյակ հազարավոր կողմնակիցների տեսակետին:

Բայց չնայած նրա հղած տխուր ուղերձին, հույս դեռ կա։

Անկախ նրանից, թե որքան մասնատված է Վրաստանի քաղաքական ընդդիմությունը, հատկապես այն ուժերը, որոնք առնչություն չունեն նախկին կառավարության հետ, դեռ կարող են առաջարկել համահունչ և կենսունակ այլընտրանք:

Նրանք, ովքեր Արևմուտքում պնդում են, որ աջակցում են բարեկեցիկ, ժողովրդավարական պետություն կառուցելու վրաց ժողովրդի անկեղծ ցանկությանը, դեռ ժամանակ ունեն պարզաբանելու Իվանիշվիլիի առաջարկած ուղեգծի հետևանքները երկրի համար:

Իսկ վրաց ժողովուրդը դեռ ժամանակ ունի նույնքան ուժգին ցույց տալու իր վճռականությունը հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ, իսկ մինչ այդ նաև՝ առաջիկա օրերին և շաբաթներին։

Իր ելույթով Բիձինա Իվանիշվիլին առավել քան երբևէ հասկացրեց, որ Վրաստանն այժմ կանգնած է խաչմերուկում․ ճանապարհներից մեկը տանում է դեպի շարունակությունն այն ազատության, որի պաշտպանության համար վրացիների իրար հաջորդած սերունդները պայքարել ու զոհվել են, իսկ մյուսը տանում է դեպի Վրաստանի ժողովրդավարության մահվան և անցում դեպի բռնապետության՝ մեկ մարդու իշխանության ներքո:

Մեկնաբանել