Կիրանցում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը ականի պայթյունից վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է Թորոսյանը։
Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածք է ստացել ոտքի շրջանում։
***
Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Ապրիլի 29-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։