Սահմանազատումն ունի մեկ նպատակ՝ «անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը»․ Փաշինյան

RA Prime Minister Nikol Pashinyan met with the media representatives

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին հրավիրած ասուլիսին անդրադարձավ Տավուշում սահմազատման մասին հարցին, մասնավորապես՝ ինչ քարտեզներով է այն տեղի ունենում, և ինչու Բաքուն չի համաձայնվում ներառել Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում։

Ըստ նրա՝ դա առաջիկայում Ալմաթիում (նախկին Ալմա-Աթա) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայանալիք հանդիպման օրակարգի թեմաներից է։ Փաշինյանը նշեց, որ այդ հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է, որն ընդունված է երկու երկրների կողմից։ Փաշինյանն այն անվանեց անշրջելի իրողություն։

Սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ այն տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա։

«Նախկինում ասել ենք, որ չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմափակվել, որովհետև մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահամանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանները»,- ասաց նա։

Վարչապետը տեղադրվող սյուներն անվանեց անվտանգության երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և Հայաստանի Հանրապետության համար՝ նշելով, որ Հայաստանը երկար ժամանակ է, ինչ չունի անվտանգության երաշխիքներ, և պիտի ստեղծի այդ երաշխիքները։

«Սահմանազատման նպատակն է իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում, և սահմանային սյուները անվտանգության երաշխիքների սյուներ են»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաև պատերազմը բացառելու հարցին՝ նշելով, որ գործընթացն ունի մեկ նպատակ՝ «անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը, պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»։

Փաշինյանը հավելեց նաև, որ աշխատանքի 90 տոկոսն արված է։

«Ինչքան աշխատանքը առաջ է գնում, ավելի է ուժեղանում համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ, և պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ»,- ասաց նա։

Մեկնաբանել