Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների պահանջին` կասեցնելու Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը: Այդ պահանջն առաջադրող ուժերին Փաշինյանը մեղադրեց Ադրբեջանի հետ պատերազմ սադրելու և Հայաստանի տարածքներն օկուպացնելու միջոցով երկրում իշխանափոխության հասնելու մտադրության մեջ:
«Ինչ վերաբերում է այդ թվում հոգևորականների կողմից առաջ քաշվող պահանջին, որ կասեցվի այս գործընթացը: Այսինքն՝ կասեցվի Հայաստանի անվտանգության երաշխիքների ձևավորման գործընթացը: Այսինքն` կասեցվի Հայաստանի ինքնիշխանության հաստատման գործընթացը», – մայիսի 7-ի հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ նման որոշումն անխուսափելիորեն հանգեցնելու է պատերազմի:
«Դրանից հետո լինելու է մեկ պարզ բան՝ սկսվելու է պատերազմ: Դրա անխուսափելի հետևանք է լինելու», – ասաց վարչապետը։
«Այն ուժերը, որ պահանջում են սահմանազատումը դադարեցնել, նաև արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, ամեն բան կանեն, որ Հայաստանի որոշակի տարածքներ օկուպցավեն՝ դա օգտագործելու համար Հայաստանում քաղաքական փոփոխություններ անելու համար:
Բայց այդ քաղաքական փոփոխությունների արդյունքում էլ շատ կարևոր բան է տեղի ունենալու: Պատերազմը ներքին և արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որպեսզի հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների, քանի որ միայն այդ սցենարն է, որ դա հավանական է դարձնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ նպատակներից մեկն է Հայաստանում հաստատել ոչ լեգիտիմ, խամաճիկային իշխանություն` հասնելով «ՀՀ ինքնիշխանության ու պետականության դե ֆակտո լուծարման, դե յուրե լուծարումից առաջ»:
Այնուհետև, որպես այդ դատողության ապացույց, նա թվարկեց հոգևորականների առաջնորդած շարժմանն աջակցություն հայտնած ուժերին:
«Տեսեք, թե ովքեր են աջակցություն հայտնում այս գործընթացին: Օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայություններից կողմից և առնվազն այդ ծառայությունների գործակալներ են՝ ընդհուպ կատարել և կատարում են կոնկրետ հանձնարարություններ», – ասաց նա:
Այդ շարքում նա մտնանշեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին` հիշեցնելով, որ վերջինիս ձայնագրել և ձայնագրությունը հրապարակել են: Փաշինյանի պնդմամբ՝ դա կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից և չհստակեցրեց, թե կոնկրետ որ պետության կամ հատուկ ծառայության մասին է խոսքը:
Այնունհետև Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց՝ իսկ ո՞վ է ասել, որ ամբողջ ձայանագրությունն են հրապարակել ու ինքն էլ պատասխանեց այդ հարցին։
«Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է ահաբեկման համար, իսկ մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար», – նկատեց երկրի վարչապետը` հավելելով, որ այդ ձայնագրության մեջ կարող են այլ տեղեկություններ լինել:
«Օրինակ, այդ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն այն մասին, որ լինելով ԱԱԾ տնօրեն և չունենալով որևէ թույլտվություն՝ նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի (հավանաբար, ի նկատի ունի Միքայել Մինասյանին) հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասն իր եղբոր անունով գրանցելու վերաբերյալ: Չեմ բացառում, որ ուրիշ բաներ էլ կարող են լինել` անձնական և ոչ անձնական բնույթի: Եվ հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: