Ակնկալում ենք ՀՀ և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանք․ Փաշինյանը՝ ռուսական ալիքների հնարավոր արգելքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսին անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքին՝ մի քանի անգամ շեշտելով, որ «ակնկալում են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանք»։

«Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, որ չեմ պատկերացնում, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին։ Նույն բառապաշարով չէ, դրա հինգ տոկոսի չափով, և հնարավոր լինի ՌԴ-ում շարունակել եթերը։ Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառված բան է»,- նշեց նա։

Փաշինյանը շեշտեց նաև, որ դա բխում է նաև ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրից:

«Մենք, հաշվի առնելով նաև մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, պատրաստ ենք երկու անգամ խնդրել, երեք անգամ խնդրել, չորս անգամ խնդրել, հինգ անգամ խնդրել, վեց անգամ խնդրել, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու անգամ պահանջել, երեք անգամ պահանջել, չորս անգամ պահանջել, հինգ անգամ պահանջել, վեց անգամ պահանջել, յոթ անգամ պահանջել։ Եվ եթե յոթերորդից հետո էդ պահանջը արհամարվի, ուրիշ տարբերակ չկա․ պիտի անջատվեն այդ բոլոր հեռուստատեսությունները, Հայաստանի Հանրապետությունում պիտի չհեռարձակվեն»,- ասաց Փաշինյանը։

Խնդրանքները չբավարարելու դեպքում Փաշինյանը բացառում է այդ հեռուստատեսությունների հեռարձակումը Հայաստանում։

«Ոչ թե ասում եմ՝ կարող է չհեռարձակվեն, ասում եմ՝ բացառում եմ։ Մենք ոնց որ արդեն էն յոթ+ անգամը խնդրել ենք, ու ոնց որ թե արդեն 7+5 անգամը պահանջել ենք։ Երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ, ուրեմն խնդրում եմ՝ էս գլխից բոլորս արձանագրենք, թե ինչ է լինելու հաջորդ քայլով»,- ամփոփեց Փաշինյանը։

Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։ Հայաստանը չէր բացառել, որ կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:

Մեկնաբանել