Հայ լրագրության սև օրերը

1991թ. նախագահական ընտրություններում ամեն ինչ պարզ էր: Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անգամ նախընտրական քարոզարշավ չիրականացրեց: Անկախության ալիքը նրան ու նրա ՀՀՇ-ական թիմին բերում էր իշխանության: Նախագահի մյուս թեկնածուներին, որոնց մեջ ամենաականավորը խորհրդային տարիների այլախոհ Պարույր Հայրիկյանն էր, իշխանական քարոզչամեքենան քննադատում, բայց չէր վարկաբեկում: Այդ օրերին, այսօրվա հասկացողությամբ, անգամ չկար իշխանական քարոզչամեքենա ու պալատական լրագրություն, թեև Տեր-Պետրոսյանի համար հոգի տվող լրագրողների պակաս չկար:

Այլ էր իրավիճակը 1996թ.: Գործող նախագահ Տեր-Պետրոսյանին իրական մարտահրավեր էր նետել ՀՀՇ-ից տարիներ առաջ հեռացած և ԱԺՄ-ն հիմնադրած Վազգեն Մանուկյանը: Այդ ընտրությունների ընթացքում էր, որ հայ լրագրողների մեծ մասը, մոռանալով մասնագիտական «ոսկյա» օրենքները, կանգնեց կա՛մ (հիմնականում) Տեր-Պետրոսյանի կողքին, կա՛մ Մանուկյանի: Լրագրության «ոսկյա» թիվ մեկ օրենքը սա է. եթե լրագրող ես, իրավունք չունես լինել և քաղաքական իրադարձությունների մասնակիցն ու դերակատարը և միաժամանակ դրանք լուսաբանողը: Հայկական հեռուստաեթերից մաղձ ու թշնամանք էր թափվում Մանուկյանի հասցեին:

1998թ. արտահերթ նախագահական ընտրություններում փոքր-ինչ այլ էր վիճակը, թեև հայ լրագրողների մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության դիրքերում էր, այս անգամ՝ ընդդեմ Խորհրդային Հայաստանի երկար տարիների առաջնորդ Կարեն Դեմիրճյանի:

2003թ. նախագահական ընտրությունների լուսաբանումը շատ ավելի անհանդուրժող էր: Իշխանական քարոզչամեքենան ամենաայլանդակ բառապաշարն էր օգտագործում Քոչարյանի հիմնական մրցակցի՝ Ստեփան Դեմիրճյանի հասցեին: Քոչարյան-Դեմիրճյան հեռուստաբանավեճի ընթացքում ակնհայտ դարձավ, որ հարց տվող լրագրողները լրագրողներ չեն, այլ Քոչարյանի կցորդները: Հայ լրագրությունը արհամարհողների շարքում առաջատարը, ինչպես առաջին ու երկրորդ, այնպես էլ գործող նախագահի օրոք, Հայկական առաջին հեռուստաալիքն է ու այդ հեռուսաալիքին կցված պալատական լրագրողները:

2008թ. նախագահական ընտրություններում հայ լրագրությունը երբեք նման կերպ չէր կիսվել: Հեռուստաալիքները կատարում էին իրենց սև գործը՝ սևացնելով Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետած Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ վերջինիս համակրող տպագիր լրատվամիջոցները նույն գործն անում էին մամուլի էջերում:

Շուտով սկսվելու է 2013թ. նախագահական մրցավազքը: Հետևելով հեռուստաընկերությունների այսօրվա վարքագծին՝ կարելի է կասկած անգամ չունենալ, թե ինչպես են այս անգամ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավին կցվելու իշխանական քարոզչամեքենան ու անկախ համարում ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների մեծագույն մասը: Նախագահի թեկնածուների առաջադրումներ դեռ չկան, սակայն ակնհայտ է, թե Բաղրամյան 26-ում ում են տեսնում հիմնական թեկնածուին:

Այսօր հին և միջին սերնդի հայ լրագրողներից քչերը կարողացան պահպանել իրենց որակները և չդարձան իշխանությունների և կամ ընդդիմության կցորդը: Անկասկած, ամենազարգացած ժողովրդավարական երկրներում անգամ հաճախ չեն պահպանվում լրագրության «ոսկյա» կանոնները, սակայն պահպանվում են գոնե լրագրության ժանրային առանձնահատկությունները:

Օրինակ, երբ լրագրողին ուղարկում են Տեր-Պետրոսյանի հանրահավաքը լուսաբանելու, անկախ նրանից, թե ինչ կողմնորոշում ունեցող լրատվամիջոց է ներկայացնում, նա պարտավոր է ուղղակի ներկայացնել այն, ինչ կատարվում է այդ հանրահավաքում, այլ ոչ թե հիշեցնել «մութ ու ցուրտ» տարիները: «Մութ ու ցուրտ» տարիների համար լրագրությունը նախատեսել է առնվազն երեք ժանր՝ սյուն, խմբագրական և վերլուծություն/

մեկնաբանություն:

Քաղաքական, բիզնես և այլ շահերից հեռավորություն պահպանելու համար է հենց լրագրությունը նախատեսում երկու հիմնական խումբ՝ լրատվական և կարծիքի արտահայտման: Ցավոք, հայ լրագրողների մեծ մասը, հատկապես ընտրությունների շրջանում, մոռանում է սա: Նախագահական ընտրությունները հայ լրագրության համար սև օրեր են:

Մեկնաբանել