Կենսաբազմազանության ձեռնտու գործարքը

Բռաուլիո Դիաս, Ախիմ Շտայներ

Անտառների պահպանության ֆինանսավորման ավելացումն այլևս անհնար է անտեսել:
Ի՞նչ կարժենա աշխարհի անտառները փրկելն ու նրա 7 մլրդ բնակչության կյանքի հեռանկարները խթանելը: Մի քանի օրից Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի կունենա ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի անդամների հանդիպումը: Հավաքված երկրները կքննարկեն, թե ինչպես կարող են ձեռք բերել այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են երկու տարի առաջ Ճապոնիայում վերջին այսպիսի հանդիպման ժամանակ ընդունված «Աիչի կենսաբանական թիրախներ» ծրագրի հավակնոտ նպատակներն իրագործելու համար:

Աիչիի ծրագիրը կոչ է անում մինչև 2020թ. կիսով չափ կրճատել երկրագնդի բնական միջավայրերի, այդ թվում՝ անտառների վերացման ընթացիկ տեմպը: Հայդարաբադի հանդիպման մասնակից երկրներին կներկայացվեն այդ նպատակին հասնելու համար գործադրվող ջանքերն ավելացնելու դեպքում ծագող հնարավոր ծախսերը:

Փորձագիտական գնահատականներից մեկի հաշվարկներով՝ մինչև 2020թ. անտառների վերացման տեմպը կիսով չափ կրճատելու և զարգացող երկրներում անտառների կայուն կառավարում ապահովելու համար տարեկան անհրաժեշտ կլինի մոտ 40 միլիարդ դոլար: Վճարվելիք այս գինը, գուցե, զգալի թվա աշխարհում գործազրկության աճող մակարդակի պայմաններում, երբ շատ երկրներ դեռ պայքարում են ֆինանսական և տնտեսական ընթացիկ ճգնաժամի դեմ, իսկ որոշներն էլ կանգնած են սնանկանալու վտանգի առջև:

Սակայն աշխարհի կենսաբազմազանությունը պահպանելու համար վճարվող գինը հարկավոր է հակադրել անտառների տնտեսական և սոցիալական հսկայական նշանակության հետ՝ այն առավելությունների առումով, որ անտառներն ապահովում են տեղական և գլոբալ մակարդակով: Անտառներն ապահովում են ջրային պաշարներ, հակազդում հողի էրոզիային, նաև՝ երաշխավորում առատությունն այն գենետիկ պաշարների, որոնք շարունակաբար է՛լ ավելի կարևոր դեր են ունենալու նոր ապրանքների ստեղծման, դեղագործության զարգացման համար, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերը, որոնք մինչև 2050թ. անհրաժեշտ կլինեն ավելի քան 9 մլրդ մարդու կյանքի և կենսագործունեության միջոցներով ապահովելու համար: Ավելին՝ անտառների պահպանության և հողերի խելամիտ օգտագործման գործում ներդրում կատարելը ծախսատարության իմաստով կլիմայի գլոբալ փոփոխությունները մեղմելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Անտառներում նպատակային ներդրումների հնարավոր վերադարձը հսկայական է: Աշխարհում դեգրադացված անտառապատ տարածքների ընդամենը 15%-ի վերականգնումը կարող է յուրաքանչյուր տարի մինչև 85 մլրդ դոլարի էկոհամակարգի ծառայություններ գեներացնել, որից հիմնականում կօգտվեն գյուղական և անապահով համայնքները: Հաշվարկները ցույց են տվել, որ Քենիայի տնտեսության համար, օրինակ, Մո անտառային համալիրի արժեքը կազմում է տարեկան 1.5 մլրդ դոլար: Նման հաշվարկներ կատարվում են Բրազիլիայում, Կոլումբիայում, Հնդկաստանում և այլուր:

Անգործության գինը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան պահանջվող ներդրումը: Կլիմայի փոփոխություններին ադապտացվելու տարեկան ծախսերն այժմ արդեն անցել են 40 մլրդ դոլարի նշագիծը, և ակնկալվում է, որ կավելանան յուրաքանչյուր տարի, քանի դեռ մենք էապես չենք նվազեցրել ջերմոցային գազերի արտանետումները:

Որոշ երկրներ արդեն ընդառաջ են գնում մարտահրավերին: Նորվեգիան 3 մլրդ դոլարի ներդրում է կատարում, որպեսզի աջակցի ազգային և միջազգային նախաձեռնություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Անտառահատումների և անտառների դեգրադացիայից առաջացող արտանետումների կրճատման ծրագրին», որը ՄԱԿ-ի երեք գործակալությունների համատեղ ծրագիր է՝ աջակցելու զարգացող երկրների ջանքերին, որոնք ուղղված են արևադարձային անտառների պահպանությանը, դրանց խելամիտ օգտագործմանը և վերականգնմանը (միջոցառումների շարք՝ հայտնի որպես REDD+):

2005-ից ի վեր Բրազիլիան Ամազոն գետի շրջակայքում անտառահատումների մակարդակը կրճատել է մոտ 80%-ով, իսկ Նորվեգիայի 1 մլրդ դոլարի խոստումն օգնում է հետագա կրճատումները կատարել: Իր ջանքերի շնորհիվ Բրազիլիան միակ երկիրն է, որը հասել է արտանետումների, թերևս, ամենամեծ կրճատմանն աշխարհում, և սա այն ժամանակ, երբ աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների մոտ 15%-ի պատճառը անտառահատումներն են:

ՄԱԿ-ի «Անտառահատումների և անտառների դեգրադացիայից առաջացող արտանետումների կրճատման ծրագիրը», որը մեկնարկել է 2008թ., ներկայում աջակցում է 44 զարգացող երկրի, որոնցից 16-ը ֆինանսական և տեխնիկական ուղղակի աջակցություն են ստանում:
Ֆինանսավորումն այդ երկրներին պատրաստում է, օրինակ, մոնիթորինգի համակարգեր ստեղծելուն և տեղի համայնքներին ու բնիկ ժողովուրդներին աջակցելուն և նրանց իրազեկվածությունը բարձրացնելուն՝ անտառօգտագործման խնդրին նորովի մոտենալու նպատակով:

Այդ երկրներից մի քանիսն արդեն, հիմնականում կլիմայի փոփոխության նախաձեռնությունների ներքո, օգտվում են ֆինանսավորման այս հնարավորություններից, որպեսզի հետամուտ լինեն կայունության ավելի լայն նպատակների իրագործմանը: Օրինակ՝ Ինդոնեզիան ձգտում է Կանաչ միջանցք ստեղծել Կալիմանտանում (Բորնեո կղզու ինդոնեզական հատվածն է), որտեղ անտառահատումները ոչ միայն խթանում են ջերմոցային գազերի արտանետումը, այլև նվազեցնում գետերի ջրի հոսքը՝ տարվա որոշ ամիսներին դժվարացնելով գետային բեռնանավով բեռնափոխադրումը: Եթե հաշվի առնենք, որ բեռնանավով բեռների փոխադրման արժեքը մեկ տոննայի համար կազմում է 10 դոլար, իսկ ճանապարհով մեկ տոննա բեռի փոխադրումը՝ մոտ 60 դոլար, ապա REDD+-ն առաջարկում է հնարավորություն, որը թույլ կտա ջերմոցային գազերի արտանետումները պահել ցածր մակարդակի վրա և միևնույն ժամանակ պահպանել տնտեսապես կարևոր սեկտոր:

Չնայած ՄԱԿ-ի «Անտառահատումների և անտառների դեգրադացիայից առաջացող արտանետումների կրճատման ծրագրին» և այլ նախաձեռնություններին աջակցելու ամենամեծ հանձնառությամբ առ այսօր հանդես է եկել Նորվեգիան, այլ դոնորներ, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովը, Դանիան, Ճապոնիան և Իսպանիան, նույնպես օժանդակում են այդ ծրագրերին: Լավատեղյակ բիզնեսները, որոնք կարևոր դեր կխաղան 2020թ. ֆինանսավորման նպատակներին հասնելու գործում, նույնպես ներդրումներ են կատարում անտառների կայուն կառավարման գործում:

Անտառահատումների դեմն առնելն իր մարտահրավերներն ունի: Շատ երկրներում պետք է բարելավվեն կառավարման և հողատիրության համակարգերը, ինչպես նաև խստապահանջ մոտեցում ցուցաբերվի կոռուպցիայի ռիսկի վերացմանը: Հայդարաբադի հանդիպմանը մասնակից երկրները և փորձագետները կքննարկեն, թե երաշխիքներն ինչպես կարող են ապահովել, որ և՛ մարդիկ, և՛ բնությունն օգտվեն REDD+ ծրագրի միջոցառումներից:

Այնուամենայնիվ, մարտահրավերները չպետք է քողարկեն կամ շեղեն ուշադրությունը հնարավորություններից: ՄԱԿ-ի «Անտառահատումների և անտառների դեգրադացիայից առաջացող արտանետումների կրճատման ծրագիրը» ընդամենը չորս տարեկան է, և լավագույն արդյունքները դեռ առջևում են: Անկախ նրանից՝ պայքարենք կլիմայի փոփոխությունների դեմ, թե բնապահպանական ավելի լայնածավալ առավելությունների հասնենք, անտառների պահպանությանն ուղղված ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունն այլևս չի կարող անտեսվել:

Եվ վերջնական հրամայականը. ներկայում 1.4 մլրդ մարդ իր ապրուստի միջոցները հոգալու համար կախում ունի անտառից: Անտառների պահպանության նպատակով տարեկան 40 մլրդ դոլարի ներդրումները կարող են ողջ աշխարհում 5 մլն նոր աշխատատեղ ստեղծել:

Աշխարհը փորձում է պայքարել կլիմայի փոփոխության դեմ, բավարարել աշխարհի աճող բնակչության պահանջները և արժանապատիվ աշխատանք գտնել միլիոնավոր երիտասարդների համար: Անտառների պահպանության և կենսաբազմազանության ապահովման ոլորտում ներդրումներ կատարելը լիարժեք արձագանք է այս մարտահրավերներին: Սակայն այն պահանջում է ավելի հավակնոտ և հանրային ու մասնավոր սեկտորի ավելի լայնածավալ աջակցություն: Տարեկան մոտ 40 մլրդ դոլար ամրագրված գումարով այդ օժանդակության գինը, անկեղծ ասած, ձեռնտու գործարք է:

Մեկնաբանել