«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին անդրադարձավ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան), այլ երկրների (Ռուսաստան) հետ կապված լինելու պնդումներին։
«Անընդհատ ասում են՝ կապված եմ այս կամ այն անձի հետ, անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշներն էլ փորձում են երրորդ նախագահի հետ կապել։ Ես չեմ հասկանում, էս մարդիկ այդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած, չեմ հասկանում։ Փորձում են կապել անձերի, մեծ երկրների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին, հայկական օրակարգին ծառայելու են կոչված, այդ մարդիկ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի են»,- հայտարարեց նա։
Իշխանամերձ լրատվամիջոցները արքեպիսկոպոսին կապում են նաև Ռուսաստանի հետ։ (Տե՛ս՝ Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ)։
Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու հարցով նախօրեին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպմանը՝ սրբազանն ասաց․ «Բա ո՞ւմ հետ պետք է հանդիպեի։ Այդ երեք խմբակցություններն են այն օրինական ճանապարհը, որով այդ [վարչապետին] անվստահության գործընթացն իրականացվում է»։
Արքեպիսկոպոսը հավաքվածներին հորդորեց գնալ տուն՝ նրանց հանրահավաքի հրավիրելով կիրակի երեկոյան։ «Կարճ ժամանակամիջոցում կհասնենք մեր իղձերի ու երազանքների իրականացմանը»,- հայտարարեց նա։
Նա հանձնարարեց մինչև կիրակի երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման հստակ հայեցակարգը․ «Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք, թե ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան՝ ինչպես են խաբված, որ իմանան իրական պատկերը, որը պետք է լինի»։
Բագրատ սրբազանը նաև կոչ արեց անհնազանդության ակցիաներ սկսել և անհատապես հանդիպումներ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների, անդամների հետ։
Վաղը` մայիսի 11-ին, հանրահավաք չի նախատեսվում, բայց անհնազանդության գործողություններ իրականացվելու են։
***
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրան զուգահեռ Երևանում և մարզերում նախատեսվում են անհնազանդության գործողություններ։
***
Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։
Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:
Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան, մայիսի 9-ին հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում, որի ընթացքում ձևակերպել է վարչապետի հրաժարականի պահանջը։