Հայաստանն ու Հնդկաստանը նախատեսում են պաշտպանական հարցերով աշխատանքային խումբ ստեղծել

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցություններն են տեղի ունեցել՝ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի նախագահությամբ:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 14-ին Երևանում կայացած խորհրդակցություններին մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

«Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

2022-ի սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվել է մոտ 245 միլիոն դոլար: Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

2023-ի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու համար։ The Еurasian Тimes-ի՝ պայմանագրի արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար, որը ներառում է և հակադրոնային համակարգերի մատակարարում, և ուսուցում։

Մեկնաբանել