Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանն աշխատանքից ազատվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու և Բագրատ սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար։
Գևորգ Թամամյանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ այդկերպ իր դժգոհությունը հայտնելով Սամվել Դանիելյանի ազատման կապակցությամբ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Սամվել Դանիելյանը Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նրա պայմանագիրը լրանում էր հունիսի 7-ին։ Նախարարի հրամանով այսօր՝ մայիսի 15-ին, Դանիելյանի հետ պայմանագիրը լուծարվել է, և տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ կանցանցվի։ «Հիմնադիրը (առողջապահության նախարությունը) այդպես է նպատակահարմար գտել»,- ասաց Ծատրյանը։
Նախարարությունում չեն մեկնաբանում Գևորգ Թամամյանի պնդումը, որ ազատման որոշումը քաղաքական է։
***
Սահմանազատման ներկա գործընթացի դեմ Տավուշում ցույցեր էին իրականացվում։ Մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, որոշեց Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան՝ «պատասխաններ պահանջելու»։ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ արդեն պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրան զուգահեռ Երևանում և մարզերում անցկացվում են անհնազանդության գործողություններ։