Անտուն և գործազուրկ․ տեղահանված արցախցիները տեղ չեն գտնում Հայաստանի աշխատաշուկայում

Մկրտիչ Կարապետյան

Արցախից բռնի տեղահանված բուժակ, դեղագործ Վրեժ Հովսեփյանը տեղահանումից հետո տևական ժամանակ Հայաստանում փորձել է աշխատանք գտնել։ Տարբերակներ չունենալով՝ ի վերջո արտագաղթել է Հայաստանից։ 38-ամյա Վրեժը Ստեփանակերտում 17 տարի աշխատել է շտապօգնության ծառայությունում՝ չնայած հաշմանդամությանը։ Վրեժի հայրը Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայանի պայթյունի տուժածներից է։ «Հորս ծանր վիճակով տեղափոխել են Հայաստան, իսկ ես ավելի ուշ միայնակ, ավոտբուսով եմ եկել։ Երեք ամսից ավելի բուժել են հորս։ Սկզբնական փուլում, երբ եկանք Երևան, մոտ տասը օր տեղ չունեի մնալու, Այրվածքաբանության ազգային կենտրոնում ինձ տեղ տվեցին։ Այդ ընթացքում հայրս բուժում էր ստանում, ես զուգահեռ նրան էի խնամում։ Այնուհետև վարձով տուն ճարեցի Երևանում, մնում էին հորս հետ։ Մինչև 2024-ի մարտի 8-ն ենք մնացել Հայաստանում, հետո տեղափոխվեցինք Ռուսաստան»,- իր պատմությունն է ներկայացնում Վրեժը՝ շեշտելով, որ Ռուսաստան տեղափոխվելու առաջին պատճառը Հայաստանում աշխատանք չգտնելն էր։

Վրեժ Հովսեփյանը, հաշվի առնելով առողջական խնդիրները, ցանկացել է աշխատանքի անցնել դեղատնային ցանցերից մեկում, դիմել է «Ալֆա ֆարմ» և ԱԿԳ դեղատնային ցանցերին։ «Ես մի քանի տեղ եմ դիմել, այդ թվում «Ալֆա ֆարմ» ընկերություն, քանի որ բացի բուժակից ունեմ դեղագործի կրթություն։ Պատրաստ եմ եղել նաև մեկ-երկու ամիս վերապատրաստման գնալ։ Ինձ ասացին, որ կզանգեն։ Երկու օրից զանգեցին ու ասացին, որ պահեստում գործի տեղ կա։ Հարցրեցի՝ ինչ գործ է, ասացին՝ բանվորի գործ, 20-կիլոգրամանոց արկղեր պետք է տեղափոխել։ Ես բացատրեցի, որ ողնաշարի խնդիր ունեմ ու չեմ կարող այդ գործը վերցնել։ Դրանից հետո տարբեր տեղեր եմ դիմել, լավ ընդունում էին, ասում, որ կզանգեն, բայց չէին զանգում»,- նշում է նա։

Ի վերջո ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան՝ Վրեժի եղբոր մոտ, որտեղ ևս Վրեժը փորձում է աշխատանք գտնել, թեպետ հաջողություն դեռ չունի։ Նա մեծ ցանկություն ունի վերադառնալու Հայաստան, սակայն դրա համար կա մի նախապայման՝ աշխատանք պետք է գտնի։

Հովսեփյանների ընտանիքը միակը չէ, որ բռնի տեղահանությունից հետո բախվում է աշխատանքի տեղավորվելու խնդրին։ Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի՝ հենց զբաղվածության ապահովման ոչ գոհացուցիչ ծավալներն են պատճառը, որ կառավարությունը որոշեց շարունակել բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը։

Ի՞նչ պատկեր ուներ Արցախում զբաղվածությունը մինչև բռնի տեղահանումը

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը 2021-ին հրապարակել էր Արցախի աշխատանքային շուկային վերաբերող զեկույց։ Ըստ այդմ՝ 2020-ին զբաղվածների թիվը եղել է 56 400: Զբաղվածությունը հիմնականում կենտրոնացած է եղել քաղաքներում։ 56 400 զբաղվածներից 31 100-ը եղել է տղամարդ, 25 300-ը՝ կին։ Այս տվյալները 2020-ի տարեվերջի են, և 2020-ի 44-օրյա պատերազմը ևս ազդել է այս վիճակագրության վրա։ Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը այս զեկույցից ավելի թարմ տվյալներ՝ մինչև բռնի տեղահանությունը, չի ներկայացրել։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի տվյալ, թե բռնի տեղահանված 120 000 արցախցիներից քանիսն են ներկայում զբաղված, քանիսը՝ գործազուրկ։ Փոխարենը նախարարությունը ներկայացրել է տվյալներ, թե քանի արցախցի է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում գործազուրկի կարգավիճակ ստացել։ 2024-ի մարտի 20-ի դրությամբ առկա տվյալներով՝ կենտրոններում գործազուրկի կարգավիճակ է ստացել Արցախից բռնի տեղահանված 4611 անձ, որից 2240-ը ուղղորդվել է գործատուների մոտ։ 2240-ից աշխատանքի է տեղավորվել 1761-ը (միասնական սոցիալական ծառայություն դիմածների 38 տոկոսը):

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում մարտի 27-ի դրությամբ նույնականացվել է 13 197 վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված՝ Արցախից տեղահանված քաղաքացի։

Եթե հիմք ընդունենք Արցախի ԱՎԾ-ի վերը նշված զեկույցը, 2020-ի վերջի դրությամբ Արցախի աշխատուժը կազմել է 68 000 մարդ։ Աշխատուժը ներկայացնում է գործազուրկների գումարած զբաղվածների ընդհանուր թիվը։ Եթե հիմք ընդունենք, որ Արցախի աշխատուժը եղել է 68 000 մարդ, ՊԵԿ տվյալների հետ համադրումից պարզ է դառնում, որ բռնի տեղահանվածների առնվազն 19,4 տոկոսն է ներկայում աշխատում վարձու կամ պայմանագրային հիմունքներով։ ՊԵԿ տվյաների բացվածքը չի տալիս ամբողջական պատկեր, բայց բռնի տեղահանված ու զբաղվածություն ունեցող արցախցիների թիվը կարող է ունենալ աճի միտում՝ պայմանավորված զբաղված քաղաքացիների անհատական տվյալների հավաքագրման ներկա կարգավորումներով։

ՊԵԿ-ը, ըստ գրավոր պատասխանի, անհատապես չի կարող նույնականացնել այն անձանց, ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ։ Այս խմբի մարդիկ սակայն կարող են լինել զբաղված (այնպես, ինչպես Հնդկաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում աշխատանք ունեն ծառայությունների մատուցման ոլորտում): Ըստ ՊԵԿ-ի՝ երկրորդ խմբում այն անձինք են, որոնք, օրինակ, աշխատում են պաշտպանության նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ներքին գործերի նախարարությունում։ Այս խմբում զբաղվածություն ունեցող անձանց համար կատարվող հարկային վճարումները կատարվում են առանց անհատական նույնականացման։ Ուստի, եթե հաշվի առնենք այս երկու խմբերում ներգրավված արցախցիների թիվը, կստացվի, որ զբաղվածություն ունեցող բռնի տեղահանվածների թիվն ունի աճի միտում։

ՍիվիլՆեթի արցախյան աղբյուրները որոշ տվյալներ են ներկայացրել մինչ 2023-ի սեպտեմբերի 19-ը զբաղվածների թվի վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ զբաղվածների թիվը մինչև սեպտեմբերի 19-ը ավելի քան 35 000 էր, որի մեծ մասը՝ 18 300-ից ավելին եղել է պետական ու համայնքային հիմնարկների աշխատակից։ Մասնավոր ոլորտում աշխատել է 15 100 մարդ։

Կառավարությունը արցախցիների զբաղվածության մեկ ծրագիր ունի

Կառավարությունը արցախցիների զբաղվածության մեկ ծրագիր է ընդունել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագիրն ընդունվեց անցյալ տարեվերջին։ Այս ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից.

  1. Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50 000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար, և նրան տրվում է ևս 50 000 դրամի չափով կրթաթոշակ։ Ուսուցումն ավարտելուց հետո՝ գործատուի ու շահառուի միջև առնվազն երեք ամիս ժամկետով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին պետք է տրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 000 դրամ՝ աշխատողի հարկերի համար։
  2. Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն վեց ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին երեք ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին երեք ամիս ժամկետով տրվում է ամսական 165 000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։ Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով` հարկեր վճարելու համար։
  3. Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50 000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար ու ևս 50 000 դրամի չափով կրթաթոշակ։

Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն վեց ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին երեք ամսվա ընթացքում իրականացվում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին երեք ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար՝ ամսական 165 000 դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50 000 դրամի չափով՝ հարկեր վճարելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ այս ծրագրից օգտվել է 715 բռնի տեղահանված արցախցի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ զբաղվածության ծավալները բավարար չեն ծախսածածկումն ապահովելու ու կարիքներ հոգալու համար։ Նրա տվյալներով՝ ավելի քան 13 000 վարձու աշխատող արցախցիների գրեթե կեսըստանում է 150 000 դրամից բարձր աշխատավարձ։ «Զբաղվածության ոչ բավարար ծավալներ ունենալու պատճառով որոշել ենք երկարաձգել աջակցության ծրագրերը մինչև տարվա վերջ ու խրախուսել զբաղվածության այս կամ այն ձևը, որը կապահովի մեր հայրենակիցների ծախսերը հոգալու խնդիրը»,- ասաց Խաչատրյանը։

ՀՀ պետական համակարգում աշխատանքի անցնելը խնդիր է արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանված Թագուհի Ավետիսյանը 14 տարի աշխատել է Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական ապահովության բաժնում։ Արցախում 2020-ի պատերազմից հետո Ավետիսյանը վարչական աշխատանքի է անցել Արցախի նախագահի աշխատակազմում, իսկ 2023-ին՝ տեղահանվել։ Տեղահանումից հետո Ավետիսյանն անդադար փորձում է աշխատանք գտնել պետական մարմիններում, որտեղ աշխատանքային մեծ փորձ ունի, բայց բախվել է պետական գերատեսչություններում աշխատանք գտնելու անհաղթահարելի խնդիրների: «Մտածում էի՝ այստեղ խնդրի չի լինի նորից պետական ապարատում աշխատանքի անցնել։ Բայց առնչվեցի հետևյալ խնդրին՝ ինձ ասում էին, թե տարիքային սահմանափակում կա։ Ես չէի կարծում, որ այդպես կլինի, ես տեսնում էի, որ համակարգում իմ տարիքի և ինձնից ավելի մեծ մարդիկ աշխատում էին, ո՞րն է խնդիրը։ Տարբեր մարմինների դիմելով՝ հասկացա, որ պետական համակարգում աշխատանք դժվար է գտնել»,- ասում է Ավետիսյանը։

Աշխատանքի համար նա դիմել է նաև պաշտպանության նախարարություն, որտեղ աշխատելու համար անհաժեշտ է ՀՀ քաղաքացիություն։ Թագուհի Ավետիսյանի մտավախությունն այն է, որ քաղաքացիություն ստանալու դեպքում կզրկվի պետական աջակցության ծրագրերից։ Նա պետական մարմիններից այս հարցի հստակեցում այդպես էլ չի ստանում, մինչդեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցրին՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը չի ազդի սոցաջակցության վրա։

«Մասնավոր սեկտորում հայտարարություններն արդեն զանգով են, նույնիսկ չեն էլ կանչում հարցազրույցի, տարիքը լսում են ու վերջ։ Նրանք պարզապես չեն ընդունում 35-ից բարձր աշխատակիցների։ Այստեղ ավելի է սրված տարիքային հարցը»,- բողոքում է Թագուհի Ավետիսյանը։ Հայաստանում աշխատանք չի գտնում նաև նրա ամուսինը՝ Վաղինակ Ավետիսյանը։ Նա եղել է Պաշտպանության բանակի զինծառայող, էլեկտրագործ է։ ՀՀ տեղափոխվելուց հետո մնացել է առանց աշխատանքի։ «Դիմել եմ «Թիմ Տելեկոմին», խոստացան զանգել, բայց մինչև այսօր զանգում են։ Կարծում եմ՝ խնդիրը կրկին տարիքն է։ Դիմել եմ նաև շինարարական կազմակերպությունների, նորից ապարդյուն։ Օրինակ՝ «Դեֆանս» ընկերությանն եմ դիմել՝ որպես էլեկտրիկ աշխատելու իրենց մոտ։ Ներկայում Նոր Նորքում ենք ապրում, այս տարածքի շինարարական բոլոր կազմակերպություններին դիմել եմ, ռեզյումե եմ թողել։ Ոչ մի զանգ»,- աշխատանքի իր որոնումների մասին է պատմում 59-ամյա արցախցին։

Ինչպես է արցախցիների հոսքը ազդել ՀՀ աշխատաշուկայի վրա

Ինչու՞ են արցախցիները խնդիրների բախվում ՀՀ պետական համակարգում աշխատանքի անցնելու հարցում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիության պահանջ կա։ Բացի այդ, քաղաքացիական ծառայության սկզբունքներ կան՝ քննություն, ատեստավորում, հարցազրույց, և հետո միայն աշխատանքի ընդունում։ «Հնարավոր է նաև ֆրուստրացիա առաջանա․ ակնկալես մի բան, բայց պրոցեսը շատ երկար տևի։ Պետական ապարատն էլ որակյալ աշխատող կլանելու խնդիր ունի»,- ասում է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության աջակցության քայլերը երկու ուղղությամբ են՝ որ արցախցիները դուրս գան շոկային վիճակից և որ դառնան ինքնաբավ։ «Այս պահին Հայաստանում արցախցիների զբաղվածության մակարդակը ես համարում եմ բավարար։ Հիմնական աշխատաշուկան Երևանն է։ Փորձում ենք իհարկե մարզային հատվածում ակտիվություն հաղորդել, բայց այս պահին Երևանն է»,- ասում է փոխնախարարը։

Ըստ նրա՝ ցանկալի կլիներ, որ Արցախի աշխատուժի գոնե կեսը զբաղվածություն ունենար, սակայն կան ինտեգրվելու խնդիրներ, և ժամանակ է անհրաժեշտ ցանկալի ցուցանիշներ ունենալու համար։

Մեկնաբանել