Երկուշաբթի Թեհրանում Հնդկաստանը և Իրանը տասնամյա պայմանագիր են ստորագրել իրանական Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման վերաբերյալ։
Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը պայմանագիրը որակել է «պատմական»՝ նշելով, որ մեծանալու է նավահանգստի թողունակությունը:
«Բանակցությունները շարունակվում էին մի քանի տարի։ Տևական ժամանակ գործակցությունը կարճաժամկետ հիմունքներով էր։ Այնուամենայնիվ, պատմական այս որոշումն ընդունվել է նավահանգստի սկզբնական թողունակությունն ավելացնելու [Հնդկաստանի] վարչապետ Նարենդրա Մոդիի տեսլականն իրագործելու համար»,- Սոնովալի խոսքն է փոխանցում հնդկական ANI լրատվական գործակալությունը:
Նախարարն ասել է նաև, որ նավահանգիստը մեծ նշանակություն ունի գալիք տարիներին Հնդկաստանը զարգացած երկիր դարձնելու՝ վարչապետ Մոդիի նպատակին հասնելու համար։
«Սա ոչ միայն Հնդկաստանի ու Իրանի, այլև առհասարակ կենսունակ տարանցիկ միջանցք է դառնալու ասիական երկրների համար»,- ասել է Սարբանանդա Սոնովալը՝ հավելելով, որ առաջիկայում նավահանգիստը առանցքային է լինելու Հնդկաստանի նավագնացության ուղիներում:
Լուսանկարում՝ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը և Իրանի քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։
Չաբահարի նավահանգստի շահագործման երկկողմ պայմանագիրը ստորագրել են հնդկական Indian Ports Global Limited ընկերությունն ու իրանական Port & Maritime Organization-ը։ Պայմանագրով նախատեսվում է նավագանգստում Շահիդ-Բեհեշթիի տերմինալի շահագործումը տասը տարով: Համաձայնագրի ստորագրմանը ներկա են եղել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը։
Հնդկաստանն ու Իրանը Չաբահարի նավահանգստի զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել էին 2015-ի մայիսին, իսկ 2016-ի մայիսին՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Թեհրան այցի ընթացքում կնքվել էր պայմանագիր։
Պայմանագիրը նպատակ ունի ընդլայնել տարածաշրջանային հաղորդակցությունը և դյուրացնել առևտուրը, մասնավորապես Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև: Indian Ports Global Limited-ը Չաբահարում ավելի վաղ ազատ առևտրի գոտի էր ստեղծել, որի միջոցով Աֆղանստանից Հնդկաստան բեռների առաջին առաքումը տեղի էր ունեցել 2019-ին:
Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի և Իրանի համագործակցության առաջատար նախագծերից է, որի նպատակն է տարանցիկ առևտրի կարևոր հանգույց դառնալ նաև դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Հնդկաստանը առանցքային դեր է ունեցել Չաբահարի նավահանգստի զարգացման և շահագործման գործում:
Հնդկաստանի կառավարությունը ներդրումներ է կատարել նավահանգստի ենթակառուցվածքում և արդիականացման գործում՝ այն դարձնելով կենսունակ տարանցիկ ճանապարհ հնդկական ապրանքների դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա:
2023-ի օգոստոսին Յոհանեսբուրգում BRICS գագաթնաժողովի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպմանը քննարկել էին Չաբահարի նավահանգստի շահագործման երկարաժամկետ պայմանագիրը և կարևորել գործարքի վերջնականացումն ու երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը։