Բաքվի դատարանը մայիսի 15-ին ևս հինգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետները։
Report.az-ի փոխանցմամբ՝ խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի մասին է։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանավորման ժամկետը։
Արցախի պաշտոնյաները ձերբակալվել էին 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։
***
Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է: