Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը պահանջել Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ կոչ է անելով միջազգային հանրությանը պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:

Արբեջանական դատարանը մայիսի 16-ին հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Վարդանյանը 2023-ի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։

«Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է»,- ասված է հայտարարությունում։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության համաժողով»։

«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ​​ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Մեկնաբանել