Իսրայելը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ ազատ առևտուրը

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը և 100 տոկոսանոց մաքսատուրք սահմանել թուրքական ապրանքների վրա՝ ի պատասխան Թուրքիայի՝ Իսրայել արտահանումը դադարեցնելու որոշման, հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ Սմոտրիչը այս ծրագիրը կներկայացնի կառավարության հաստատմանը։

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի գնահատականով՝ հաստատվելու դեպքում այս փոփոխությունները անմիջական մեծ ազդեցություն չեն ունենա իսրայելա-թուրքական առևտրի վրա, քանի որ Թուրքիան արդեն իսկ դադարեցրել է արտահանումների մեծ մասը դեպի Իսրայել։ Սակայն սա կարող է ազդել թուրքական ընկերությունների վրա, որոնց թույլատրված է եռամսյա հետաձգումով երրորդ երկրների միջոցով գոյություն ունեցող պայմանագրերով ապրանքներ արտահանել Իսրայել:

Այնուամենայնիվ, Թուրքիան ավելի վաղ՝ մինչև Իսրայելի և Համասի մշտական զինադադարի հաստատումը և Գազայի հատվածին անխափան մարդասիրական օգնության տրամադրումը, հայտարարել էր, որ կարող է վերսկսել առևտուրն Իսրայելի հետ: Եթե Իսրայելը հավանություն տա Սմոտրիչի առաջարկին, Իսրայելի և Թուրքիայի միջև տնտեսական կապերը կշարունակեն վատթարանալ ավելի երկար ժամանակահատվածում, քան սպասվում էր, և դա կարող է տևել դեռ տարիներ՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո:

Արդյունքում Իսրայելը հավանաբար կձգտի հնարավորինս խթանել ապրանքների ներքին արտադրությունը և գտնել այլընտրանքային մատակարարներ՝ ամրապնդելու իր մատակարարման շղթաները՝ երկարաժամկետ հնարավոր փոփոխություններ առաջացնելով Թուրքիայի հետ առևտրում:

Սմոտրիչի առաջարկը նշանակում է Իսրայելի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի հետագա վատթարացում՝ Իսրայել-Համաս պատերազմի պատճառով:

Թուրքիան մայիսի սկզբին դադարեցրել է բոլոր արտահանումները Իսրայել՝ ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ արդեն սահմանափակել էր դեպի Իսրայել արտահանումը 54 ապրանքների գծով: Թուրքիայի կողմից արտահանման սահմանափակումները սկսվեցին ի պատասխան Իսրայելի, որը Թուրքիային արգելել էր օդանավով օգնություն ուղարկել Գազա: Իսրայելի և Թուրքիայի միջև երկկողմ առևտուրը 2023-ին գնահատվել է 6,8 մլրդ դոլար, ընդ որում՝ թուրքական արտահանումը Իսրայել կազմել է այդ ծավալի 76%-ը։ Իսրայելի և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը գործում է 1997-ի մայիսից։

Մեկնաբանել