Կառավարության՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն արդյունավետ չի լինելու․ Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան

2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսեց Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության բնակավայրերի վրա։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բլոկադայի մեջ գտնվող Արցախը հյուծված էր լուրջ դիմադրության համար։ 24 ժամ անց Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին հանձնվելու մասին, և հրետակոծությունը ու հրաձգությունը դադարեց։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային բռնատեղահանումը Հայաստանի Հանրապետություն։ Հոկտեմբերի սկզբին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունն արդեն տեղափոխվել էր ՀՀ բնակավայրեր։

Բռնի տեղահանության ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունները մոբիլիզացրին իրենց ռեսուրսները՝ մարդկանց ընդունելու և առաջնային կարիքները հոգալու համար։ Սահմանային բնակավայրերում պետական, տարածքային և տեղական մարմինները, հարյուրավոր կամավորներ և տարբեր կազմակերպություններ հոգում էին տեղահնվածների առաջնային կարիքները, ուղորդում նրանց։ Զուգահեռ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրված կետերում ընթանում էին բռնի տեղահանվածների գրանցման աշխատանքներ։ Սա կարևոր կազմակերպչական աշխատանք էր պետության կողմից ապագա ծրագրերի շահառուներին ֆիքսելու համար։

Հոկտեմբերի սկզբին Հակարիի կամուրջը դեպի Հայաստան հատած բռնի տեղահանված արցախցիների թիվը հասավ 100 617-ի։ Այս հոդվածն անդրադառնում է բռնի տեղահանվածներին կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության՝ ՀՀ կառավարության ծրագրերին։

Շահառուների թիվը

Մոտ 101 000-ը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Արցախից հեռացած քաղաքացիների թիվն է, 2023-ի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախում մնացած գրեթե ամբողջ բնակչության թիվը։ Կառավարության կարճաժամկետ ծրագրերն ուղղված էին հենց այս խմբին։ Այս խմբին պետք է ավելացնել նաև բլոկադայի ընթացքում Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին, որոնք տեղափոխվել էին ուսման, բուժման կամ այլ նպատակներով։ Այս թիվը կարելի է նույնականացնել կառավարության իրականացրած առաջին համընդհանուր ծրագրի՝ 100 000 միանվագ դրամական օգնության շահառուների թվի հետ։ 2024-ի փետրվարի դրությամբ այդ թիվը կազմել էր 112 000։

Մինչև շրջափաակումը Արցախում բնակվում էր մոտ 120 000 մարդ։ Շրջափակման ընթացքում, բացի Կարմիր Խաչի ու ռուսների միջոցով Հայաստան տեղափոխվելը, որոշակի թվով անձինք Արցախի սահմանը հատում էին նաև Շուշիի ճանապարհը (որը արգելկափակված էր ադրբեջանցի «էկոակտիվսիտների» կողմից) շրջանցող լեռնային ճանապարհով, որը կապում էր Ստեփանակերտը Լիսագորի և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հետ։ Այս ճանապարհը քիչ թե շատ աշխատում էր մինչև Ադրբեջանի կողմից Հակարի գետի վրա անցակետի տեղադրումը։ Այդ ճանապարհով Հայաստան տեղափոխված անձանց հաշվառում, որպես այդպիսին, չի իրականացվել։

Երկարաժամկետ ծրագրերի, մասնավորապես բնակարանային ապահովության ծրագրերի համար, սակայն, շահառուների թիվն ավելի մեծ է։ 2020-ի սեպտեմբերի պատերազմի հետևանքով Հադրութի, Քաշաթաղի ու Շահումյանի շրջանները, Շուշի քաղաքը և Քարինտակ գյուղը, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի շրջանների որոշ բնակավայրեր հայտնվել էին Ադրբեջանի հսկողության ներքո, և բնակչության մի մասը տեղահանվել ու հաստատվել էր Հայաստանում։ Արցախ չվերադարձած քաղաքացիների թիվը 2022-ի նոյեմբերին գնահատվում էր մոտ 30 000։ 2022-ի ապրիլին ՀՀ կառավարությունն ընդունեց Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման կարգը, որը հնարավորություն էր տալիս Հայաստանից վերաբնակեցված ընտանիքներին բնակարան գնելու սերտիֆիկատի միջոցով հոգալ բնակարանային հարցերը։ Ենթադրվում է, որ մոտ 15 000 մարդ այս ծրագրի շնորհիվ բնակարանային ապահովություն ունի կամ կունենա։ Հետևաբար, ելնելով երկարաժամկետ ծրագրերի շահառուների բարդ թվաբանությունից, բնակարանային ապահովության ենթակա է մնում 135 000 մարդ։ Որոշ ֆիլտրեր օգտագործելով՝ այս թիվը կարող է պակասել, սակայն հստակ է, որ կառավարությունը երեք տասնյակ հազար բնակարանով ապահովելու խնդրի առջև է կանգնած։

Կարճաժամկետ ծրագրեր

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախցիների մեծամասնությունը՝ 90 տոկոս և ավելի, ինքնուրույն է գտել իր կացարանը՝ հիմնականում բնակարանի վարձակալության տեսքով։ Փոքր մասը պետության կողմից տեղավորվել է հյուրանոցներում և համայնքային հաստատություններում։ 2024-ի հունվարին հյուրանոցներում հաստատվածների մեծ մասն արդեն տեղափոխվել էին վարձով բնակարաններ։ Սրան նպաստեց ՀՀ կառավարության ծրագիրը, որը բնակարանի վարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցման համար նախատեսում է անձի հաշվով 40+10 հազար դրամ աջակցություն։ Այս ծրագիրը կառավարությունը որոշեց շարունակել առնվազն մինչև 2024-ի տարեվերջ։ 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար սպառողական առաջնային կարիքները հոգալու համար իրենց հաշիվներին 2 մլն դրամ գումարից քիչ գումար ունեցող բռնի տեղահանվածներին տրվեց 50 000-ական դրամ երկամսյա աջակցություն։

Պետք է փաստել, որ արցախցիների կարճաժամկետ կարիքների բավարարման ուղղությամբ գոհացուցիչ քայլեր կատարվեցին։ Բռնի տեղահանված բնակչությունը տեղավորվեց, պետական միանվագ հավասարաչափ օգնություն ստացավ, պետության, տարածքային ու տեղական մարմինների կողմից գործի դրվեցին առաջնային կարիքների գնահատման և դիմումների ընդունման մեխանիզմներ, այդ թվում՝ առցանց։ ՀՀ կառավարությունն այնքան էր ոգևորվել մարդկանց տեղավորելու փաստից, որ պարծենում էր «աշխարհում միակ երկիրը լինելու համար, որը մեկ շաբաթում հարյուր հազար մարդ է ընդունել առանց փախստականների ճամբարների և վրանային ավաններ հիմնելու»։ Իրականում, ինչպես նշեցի, բնակչության ճնշող մեծամասնությունը ինքն էր տեղավորվել հիմնականում բնակարան վարձելով կամ բարեկամների մոտ։

Միջնաժամկետ ծրագրեր

Միջնաժամկետ ծրագրերից ամենարդյունավետը բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցում ենթադրող 40+10 հազար դրամի ծրագիրն է։ Շնչին 50 000 դրամի տրամադրումը ընտանիքներին հնարավորություն էր տալիս բնակարան վարձել։ Այս ծրագիրը նպաստեց նաև, որ 2024-ի առաջին եռամսյակին արդեն հյուրանոցներում տեղավորված քաղաքացիները ևս տեղափոխվեն բնակարաններ։ 2024-ի ապրիլին ՀՀ կառավարությունը որոշեց ընդլայնել 40+10 հազարների շահառուների թիվը՝ այն տարածելով նաև 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության վրա։ Ապրիլից սկսած՝ ծրագրից կարող են օգտվել նաև 2020-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում կառավարության 2022-ի որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։ ՀՀ կառավարությունը, ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է նաև Արցախից բռնի տեղահանվածներին աշխատաշուկայում ինտեգրելու միջնաժամկետ ծրագիր։

Վերը նկարագրված ծրագրերից բացի՝ իրականացվել են նաև կարճաժամեկտ և միջնաժամեկտ աջակցության այլ միջոցառումներ, որոնք ուղղված են եղել առաջնային կարիքների բավարարմանը, ուսման վարձերի փոխհատուցմանը կամ մասնագիտական որոշ խմբերի՝ աշխատաշուկայում ներգրավելուն։

Երկարաժամկետ ծրագրեր

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Արցախի՝ ՀՀ անձնագիր ունեցող բնակիչները ՀՀ քաղաքացի չեն, որոշում ընդունեց նրանց փախստական համարելու և ժամանակավոր պաշտպանության տակ առնելու համար։ Այս որոշումն արժանացավ շատերի քննադատությանը։ Որոշում ընդունողները հանրությանն այդպես էլ ընկալելի պատասխան չտվեցին, թե ինչու են գնացել նման ճանապարհով։ Դրա ապացույցն այն է, որ ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացի դարձել էր ընդամենը 1600 արցախցի։

Իմ կարծիքով՝ կառավարությունը գնացել է այս ճանապարհով հնարավորինս մեծ արտաքին հումանիտար աջակցություն ստանալու (ինչը նրան չհաջողվեց), ինչպես նաև ներքաղաքական նպատակով՝ դժվարացնելու արցախցիների՝ ընտրական գործընթացների և իշխանության ձևավորման վրա ազդեցությունը՝ հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանվածների հակափաշինյանական տրամադրությունները։ Արցախցիներին քաղաքացիությունից զրկելը իր ազդեցությունն ունեցավ քաղծառայության, հանրային կառավարման ոլորտներում, ուժային կառույցներում և հատկապես բանակում արցախցիների ներգրավման վրրա։ Սա մեծ շռայլություն էր անվտանգային խնդիրներ ունեցող Հայաստանի համար, որը, ի շարս այլ բաների, կարիք ունի պայմանագրային զինվորների և սպաների։

Բռնի տեղահանվածների կարիքների բավարարման երկարաժամկետ ծրագրեր ասելով՝ հիմնականում հասկանում ենք բնակարանային ապահովման հարցը։ ՀՀ կառավարությունը, առանց արցախյան շրջանակների ու բռնի տեղահնվածների ներկայացուցիչների հետ քննարկումների, որոշեց, որ այդ հարցը պետք է լուծել բնակարանների գնման վկայականի տրամադրման եղանակով։ Նման լուծում ունենալով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչները արդեն սկսեցին հանդիպել արցախցիների հետ՝ նրանց ներկայացնելով իրենց որոշածը և գործընթացին ժողովրդավարական ու ներկայացուցչական քող հաղորդելու համար։ Այս հարցի լուծման այլ տարբերակներ, որոնք ենթադրում էին ՀՀ թերբնակեցված մարզերում բնակավայրերի ստեղծում տնտեսական կլաստերների համադրմամբ, որոնցից մեկն էլ տողերիս հեղինակն էր ներկայացրել, մերժվել է կառավարության անդամների կողմից։

Բնակապահովման՝ կառավարության ծրագիրն արդյունավետ չի լինելու

Մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, որով նախատեսվում է 2-5 մլն դրամ արժողությամբ վկայական տալ շահառուներին։ 4 և 5 մլն դրամանոց վկայական կարող են ստանալ խնդիր ունեցող բնակավայրերում (կառավարությունը ցանկը հաստատել է) բնակարան ընտրողները, 3 մլն՝ այլ բնակավայրերում, իսկ հիփոթեքային վարկ ունեցողները իրենց վարկի դիմաց 2 մլն դրամի փոխհատուցում կարող են ակնկալել, եթե Երևանի 1-ին և 2-րդ գոտում չեն բնակարան գնել։

Վստահ եմ, որ այս ծրագիրն արդյունավետ չի լինելու մի շարք սահմանափակումների պատճառով։ Չնայած ծրագրով թույլատրվում է տուն կառուցելու համար ևս օգտագործել վկայականը, սակայն դրված է պահանջ, որ այդ տունը ունենա տիպային նախագիծ և կառուցվի լիցենզավորված շինարարական ընկերության կողմից։ Եթե կառուցապատման վարկ վերցնելու դեպքում քաղաքացին հնարավորություն ունի ինքը տուն կառուցել՝ վարձելով վարպետներ և բանվորներ, ապա այս դեպքում ավելանում են նաև հարկերը, շինարարական ընկերության շահույթը և այլ ծախսեր, ինչը նվազեցնում կամ զրոյացնում է պետության տված աջակցությունը։ Հետևաբար, կառուցապատման եղանակից օգտվողների թիվը թերևս չնչին կլինի։ Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված բնակավայրերը կա՛մ սահմանամերձ են, կա՛մ տնտեսական ու այլ առումներով ոչ հրապուրիչ։ Այս բնակավայրերում անշարժ գույքը էժան է և քիչ իրացվելի։ Եթե արցախցիները որոշեն գնալ ու բնակվել այս բնակավայրերում, տեղի է ունենալու անշարժ գույքի աճ, այն դառնալու է իրացվելի, տեղաբնակները փոխարինվելու են արցախցիներով։ Փոքր գումարներ, ընտանիքի շահառու անդամի հաշվով 2 մլն դրամ, կարող են ստանալ հիփոթեքային վարկ ունեցողները։ Ապրիլի դրությամբ բռնի տեղահանված արցախցիներից ՀՀ-ում աշխատանք է գտել մոտ 12 000-ը։ Նրանցից որքանը կարող է վարկունակ լինել, դժվար է գնահատել։

Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման կարգով տուն ձեռք բերածների դեպքերը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ նման ծրագրերը թանկացնում են անշարժ գույքը գյուղական վայրերում, ստեղծում անշարժ գույքի իրացվելիություն, ինչի հետևանքով, մեծ հաշվով, տեղի է ունենում տեղաբնակ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով։ Այսինքն, սերտիֆիկատի ծրագիրը, որպես կանոն, ժողովրդագրական հարցեր չի լուծում, այլ նպաստում է տեղաբնակների արտագաղթին։ Հետևաբար, ճիշտ կլիներ, որ կառավարությունն ավելի ակտիվ դեր ստանձներ այս գործում՝ նախաձեռնելով բնակավայրերի, թաղամասերի կառուցում, քան ուղղակի փող բաժանելն է։ Կարևոր է նաև բնակարանային հարցը կապել զբաղվածության հետ՝ նպաստելով անվտանգային ու ժողովրդագրական խնդիրներ ունեցող մարզերում բնակչության թվի ավելացմանը և տնտեսության ակտիվացմանը։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ կառավարությունը բավարար ջանքեր է գործադրել Արցախից բռնի տեղահանվածների կարճաժամկետ ու միջնաժամկետ կարիքների բավարարման համար, սակայն երկարաժամկետ ծրագերի հետ կապված ռազմավարական լուծումներ չի կարողանում տալ։ Կառավարությունը ձախողել է նաև այս հարցով միջազգային հումանիտար աջակցություն մոբիլիզացնելու հարցում։ Այս սխալները կարող են ծանր անդրադառնալ ռազմավարական այնպիսի խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են ժողովրդագրական աճը, մարզերի համաչափ զարգացումն ու տարածքային զարգացումը։

***

Հայկ Խանումյանը Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիրը և նախագահն է, 2015-2020 թթ․ եղել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, 2020-ի դեկտեմբերից մինչև 2022-ի նոյեմբերը՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կայքում։

Մեկնաբանել