Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: Ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար»,- նշել է Բադալյանը։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։ Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։

Մեկնաբանել