Արամ Թադևոսյան
Մասիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվում է, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, այսինքն բազմաթիվ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Այն, ինչ մինչ այժմ հրապարակված է, թույլ է տալիս մի շարք հետևություններ անել։
Առաջինը, որ անհրաժեշտ է ընդգծել՝ կառավարությունը հրաժարվել է աջակցության գումարի մի մասը շահառուների կողմից ժամանակի ընթացքում պետությանը վերադարձնելու գաղափարից (շահառու ընտանիքի աշխատունակ տարիքի անդամների կողմից)։
Երկրորդ էական փոփոխությունը՝ նախկինում քննարկված տարբերակի համեմատությամբ, մեկ շնչի հաշվով աջակցության գումարի առավելագույն չափի ավելացումն է մինչև 5 մլն դրամ, ինչպես նաև հավաստագրի իրացումից հետո մնացած գումարի (առավելագույնը 11 մլն դրամ) հողամասի ձեռք բերման, վերանորոգման կամ գույք գնելու նպատակով օգտագործման հնարավորությունը։ Աջակցության նվազագույն չափը մեկ շնչին 2 մլն դրամ է, որը տրվում է հիփոթեքային գործող վարկ ունեցող ընտանիքներին։ Մնացած հարցերում, միջոցառումը շարունակում է մնալ նախկին տրամաբանության մեջ՝ բնակելի անշարժ գույք ձեռ բերելու կամ կառուցելու հավաստագրերի տրամադրում, ինչպես նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն Արցախից տեղահանված ընտանիքների համար, ծրագրի իրականացում երեք փուլով և Հայաստանի բնակավայրերի բաժանում մի քանի կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրում աջակցության գումարի չափը տարբեր է (Երևանի 1-ին և 2-րդ գոտում ծրագիրը չի գործում)։
Շահառու դառնալու պարտադիր պայման է ՀՀ քաղաքացի դառնալը, որը վերջնական տեղահանությունից հետո արցախցիների նկատմամբ կառավարության թույլ տված ապօրինության շարունակությունն է։ Արցախցիները ստիպված են լինելու ևս մեկ անգամ հերթերի միջով անցնել, ինչպես ՀՀ-ում հաշվառում ստանալու համար է եղել։
Երկու նկատառում․
– Նախորդի համեմատությամբ աջակցության ներկա տարբերակի զգալի բարելավումը արդյունք է նաև արցախցիների որոշ խմբերի գործունեության և բողոքի ցույցերի։ Այժմ պարզ չէ, թե այս ծրագիրը կազմելու գործում շահառու խումբն ինչքանով է ներկայացված եղել։
– Փորձը ցույց է տալիս, որ կառավարության նմանատիպ որոշումներն ընդունվելուց հետո պարբերաբար փոփոխությունների են ենթարկվում՝ կապված ընթացքում ի հայտ եկող խնդիրների հետ, սահմանված վերջնաժամկետները սովորաբար երկարաձգվում են, հետագա բարելավումներ են տեղի ունեում։
ՀՀ կառավարությունը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների մի մասի համար բնակարանային աջակցության որոշում ընդունել էր նաև 2022-ի փետրվարի 17-ին, որը վերաբերում էր ժամանակին Հայաստանից կամ այլ երկրներից Արցախի որոշ շրջաններում պետական ծրագրերով վերաբնակեցվածներին։ Այդ ծրագրի շահառու է մոտ 4400 ընտանիք։ Ներկա դրությամբ հավաստագիր է ստացել 3901 ընտանիք, իսկ հավաստագրով բնակելի անշարժ գույք ձեռք է բերել 2663 ընտանիք։ Ի տարբերություն քննարկվող միջոցառման, այստեղ աջակցությունը տրվում է ընտանիքին, և, կախված գնվող գույքի գտնվելու վայրից և շուկայական բնութագրից, պետության կողմից փոխհատուցվող գումարը տատանվում է 8 – 16 մլն դրամի սահմաններում։
Աջակցությունը յուրաքանչյուր շնչի հաշվով տրամադրելն ավելի ձեռնտու է շահառու ընտանիքների մեծ մասի համար։ Դրանով պետությունը զերծ է մնում նաև ծրագրի իմաստով «ընտանիք» հասկացության ձևակերպման հետ կապված խնդիրներից, այսինքն՝ շահառուները չեն ձգտի արհեստականորեն ավելացնել ընտանիքների քանակը՝ հավելյալ հավաստագիր ստանալու համար։ Սակայն մեկ կամ երկու անձից բաղկացած ընտանիքների համար արդեն գործող աջակցությունն ավելի շահավետ է։ Այստեղ տարակուսանք է առաջացնում, որ կառավարությունը գործող և ընդունվելիք աջակցության միջոցառումները համադրելու և փոխլրացնելու փոխարեն դրանք տարանջատում, նույնիսկ հակադրում է միմյանց։ Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք գործող աջակցության շահառու են համարվում, բայց դեռ չեն դիմել ու հավաստագիր չեն ստացել, իրավունք չունեն դիմել նորին։ Մինչդեռ կարգավիճակը նույնն է (տեղահանված լինելու փաստը) և ավելի շահավետ պայմաններով աջակցությունից օգտվելու իրավունքից այդ ընտանիքները զրկվում են։ Արդեն իսկ հավաստագիր ստացած և բնակելի գույք ձեռք բերած ընտանիքները, որոնց անդամների թիվը չորսից ավելի է, նույնպես փաստացի տուժում են։
Ինչ վերաբերում է ընտանիքներին, որոնք դեռ նոր պետք է հավաստագիր ստանան, ապա նրանք ամենայն հավանականությամբ կբախվեն ներքոհիշյալ խնդիրների հետ։ Գործող աջակցության միջոցառումը նախատեսում է կանխավճարի մուծում շահառու ընտանիքի կողմից։ Կանխավճարը կազմում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքի 1 տոկոսից մինչև 10 տոկոսը՝ կախված գույքի գտնվելու վայրից և ընտանիքում անչափահաս երեխաների կամ կենսաթոշակառուների քանակից։ Եթե նոր ընդունվող աջակցութունը նույնպես նախատեսի կանխավճար, ապա շահառուները պետք է պատրաստ լինեն զգալի գումար վճարել։ Ավելի կարևոր խնդիր է լինելու շահառուի վարկունակությունը։ Եթե բնակելի գույքի գնահատված արժեքն ավելի է հավաստագրով երաշխավորված գումարից, ապա ընտանիքը հնարավորություն կունենա մնացած գումարը վճարել ձևակերպված հիփոթեքի շրջանակում, որտեղ էլ ի հայտ են գալու ընտանիքի աշխատունակ անդամների վարկունակությունը և վարկային պատմությունը։
Հաշվի առնելով նկարագրված աշխարհագրությունը՝ Հայաստանի կենտրոնական մարզերում և խոշոր քաղաքներում բնակելի գույք ձեռք բերող ընտանիքները հիփոթեքային վարկի հավելյալ գումարներ են մարելու ընդհուպ մինչև գույքի արժեքի մեծ մասը։ Գործող աջակցության դրական կողմերից մեկն այն է, որ վարկային վատ պատմություն ունեցող ընտանիքի անդամի տվյալները կարելի է հանել շահառուների ցանկից, և դրանից պետության կողմից երաշխավորված գումարը չի փոխվում, նորի պարագայում՝ ընտանիքը զրկվում է առնվազն 3 մլն դրամ աջակցությունից։
Արցախցիների դժգոհությունն աջակցության միջոցառումից մեծամասամբ կապված է աշխարհագրության հետ։ Առավել շահավետ տարբերակով (5 մլն դրամ մեկ շնչի հաշվով) աջակցությունը գործում է Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Արարատի 15 համայնքների 242 բնակավայրերում։ Այս ցանկում առկա է երեք քաղաքային բնակավայր՝ Գորիս, Դաստակերտ, Ճամբարակ։ Հատկանշական է, որ Վարդենիս, Ամասիա, Աշոցք համայնքները այդ կատեգորիայի մեջ չեն մտնում։ Մեկ շնչին 4 մլն դրամ աջակցություն արցախցիները կարող են ստանալ 148 բնակավայրերում, որոնցից 62-ը Շիրակի մարզի հյուսիսարևմտյան մասում են։ Հայաստանի մնացած մասում, այդ թվում՝ Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզի մեծ մասում, բոլոր մարզկենտրոններում (բացի Կապանից) աջակցությունը 3 մլն դրամ է մեկ շնչի հաշվով։ Ամեն դեպքում, նույնիսկ այս պայմաններով, առնվազն չորս հոգուց բաղկացած ընտանիքն ավելի շատ աջակցություն է ստանում, քան գործող ծրագրով։
Հայաստանի՝ առաջին հերթին այդ 242/148 բնակավայրերի իրացման ենթակա բնակֆոնդի ծավալը և հարմարավետության աստիճանը գնի համեմատությամբ այլ ուսումնասիրության թեմա է։ Մեծ հարց է նաև այդ ցանկերում ներառված բնակավայրերի ենթակառուցվածքների վիճակը և այնտեղ զբաղվածություն գտնելու հնարավորությունները։ Պետք է հաշվի առնել, որ տեղահանված բնակչության կեսից ավելին եղել է քաղաքաբնակ և գյուղատնտեսությամբ չի զբաղվել։
Ծրագրի մեկ այլ ասպեկտ է դրա տևողությունը։ Նպատակահարմար կլինի, որ պետության կողմից Արցախից տեղահանված անձանց հատկացվող բնակվարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվի մինչև ընտանիքի կողմից բնակելի գույք ձեռք բերելը։
Արամ Թադևոսյանը քաղաքագետ է, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ։
Տե՛ս նաև՝
Կառավարության՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն արդյունավետ չի լինելու․ Հայկ Խանումյան
Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․ կառավարությունն ընդունեց ծրագիրը