Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններին աջակցելու մեջ

Մարտին Նոր Կալեդոնիայում ցույցի ժամանակ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Էկրանակադրը՝ Franceinfo-ից

Այթան Ֆարհադովա, OC Media

Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող և ֆրանսիական տարածք համարվող Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի տիրապետության դեմ անկարգություններին աջակցելու մեջ:

The Guardian պարբերականը մեջբերել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին, որն ասել է, որ դա «իրականություն է»:

«Ցավում եմ, որ Կալեդոնիայի անկախության կողմնակիցներից ոմանք գործարք են կնքել Ադրբեջանի հետ։ Դա անվիճելի է»,- ասել Դարմանինը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաքվի նախաձեռնող խումբը հինգշաբթի տեսահամաժողով է կազմակերպել, որին, ի համերաշխություն Նոր Կալեդոնիայի բնիկների, մասնակցել են «անկախության համար պայքարող շարժումների» ներկայացուցիչներ Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Ֆրանսիական Գվիանայից, Մարտինիկայից, Գվադելուպայից և Կորսիկայից, որոնք բոլորն էլ ֆրանսիական անդրծովյան տարածքներ են և գտնվում են Ֆրանսիայի տիրապետության տակ։ Ներկաները ավելի ուշ համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ֆրանսիական իշխանությունը և հանդես եկել հօգուտ այս տարածքների անկախության։

Բաքվի նախաձեռնող խումբը 2023-ի հուլիսի 6-ին պաշտոնապես ստեղծել են Բաքվում անցկացված «Դեպի գաղութատիրության լիակատար վերացում» համաժողովի մասնակիցները։ Նախաձեռնության հայտարարված նպատակն է աջակցել գաղութատիրությունից ազատվելու համար պայքարող խմբերին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հինգշաբթի դատապարտել է Դարմանինի հայտարարությունները և հերքել նրա պնդումները։

«Ադրբեջանը ևս մեկ անգամ խստորեն դատապարտում է ֆրանսիական կողմի վիրավորական արտահայտությունները Ադրբեջանի հասցեին և կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը, որոնք ուղեկցվում են անընդունելի մեղադրանքներով, ինչպիսին է հայերի կոտորածը»,- ասվում է հայտարարությունում։

Պրահայի Չարլզի համալսարանի գիտաշխատող Բահրուզ Սամադովը OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի կողմից հակագաղութային խոսույթի օգտագործումն անկեղծ չէ:

«Թեև կարող է թվալ, թե Ադրբեջանն աջակցում է այս շարժումների հիմքում ընկած արժեքներին, այդ քայլերը զուտ քաղաքական են և արձագանքն են Ֆրանսիային։ Ֆրանսիան կտրուկ արձագանքեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից և 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո […], և սա կարծես Ադրբեջանի պատասխանն է Ֆրանսիային»,- ասել է Սամադովը։

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները սկսել են սրվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, երբ Ֆրանսիան սկսեց ավելի խիստ քննադատել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հակամարտության հարցում վարած քաղաքականության համար և սկսեց մեծացնել իր աջակցությունը Հայաստանին:

«Դա ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել Ադրբեջանի արտաքին քաղաքական խոսույթը»,- ասել է Սամադովը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումն Ադրբեջանին հնարավորություն է տվել մերժել եվրոպական արժեքները և մարդու իրավունքների վերաբերյալ պահանջները։

Սամադովը նշել է, որ «ընտրովի հակագաղութատիրական» քաղաքականությունը կիրառվել է այլ ավտորիտար երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Թուրքիայում։

«Դա նորություն չէ, և Ադրբեջանը շահագործել է այդ խոսույթը՝ օգտագործելով այն, երբ հարմար է»,- ասել է Սամադովը։

[Կարդացեք նաև՝ «Ինչպես է Ադրբեջանը «հակագաղութատիրությունն» օգտագործում իր բռնատիրական նպատակների համար»]

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Նոր Կալեդոնիայում ադրբեջանական դրոշներ նկատվել են նաև տարեսկզբին, ներառյալ մարտին տեղի ունեցած ցույցերի ժամանակ:

Մեկ տարի առաջ Նոր Կալեդոնիայի արտաքին գործերի մշտական հանձնակատար Միքայել Ֆորեսթն այցելել էր Ադրբեջան՝ մասնակցելու Կորոնավիրուսի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի փակման արարողությանը և հանդիպել ադրբեջանցի պատգամավորների հետ։

Բաքվի նախաձեռնող խումբը նաև ՄԱԿ-ում 2023-ի սեպտեմբերին կազմակերպել էր «Ապագաղութացում. լուռ հեղափոխություն» խորագրով համաժողով, մեկ այլ համաժողով էլ կազմակերպել էր 2023-ի հոկտեմբերին՝ «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների և անարդարության ոտնահարում» խորագրով։ Երկրորդ համաժողովին մասնակցել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը, երկրի հանրային պաշտպանը, Ֆրանսիայի անդրծովյան և Ֆրանսիային պատկանող տարածքների ներկայացուցիչներ։

2023-ի դեկտեմբերին ադրբեջանական պետական Azertac լրատվական գործակալության թղթակիցն արտաքսվել է Նոր Կալեդոնիայից։

Այն պահից ի վեր, երբ այս շաբաթ Նոր Կալեդոնիայում սկսվեցին անկարգությունները, Բաքվի նախաձեռնող խումբն իր աջակցությունն է հայտնել «Ֆրանսիական գաղութային քաղաքականությունից տառապող մարդկանց»:

«Ադրբեջանի գործողությունները չեն կարող վնասել Ֆրանսիային,- ասել է Սամադովը,- Ադրբեջանը պարզապես ուզում է ասել, որ եթե դուք քննադատեք մեզ և չճանաչեք մեր հաղթանակը, մենք կարող ենք ձեզ համար խնդիրներ առաջացնել՝ աջակցելով ձեր գաղութների անկախությանը»:

Նա հավելել է, որ Ադրբեջանը նախկինում չի խոսել այլ երկրների գաղութային պատմության մասին։ Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքները չեն ենթարկվել ադրբեջանական քննադատությանը, իսկ բրիտանական բիզնեսները զգալի ներդրումներ են կատարում Ադրբեջանում:

Մեկնաբանել