Հնդկաստանը դիտարկում է ռազմավարական գործակցության խորացումը Հունաստանի հետ 

Հնդկաստանի և Հունաստանի ղեկավարներ Նարենդրա Մոդին և Կիրիակոս Միցոտակիսը, փետրվար 21, 2024, Նյու Դելի։ Միցոտակիսը Հունաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերությունները նկարագրում է որպես «աշխարհի ամենահին ժողովրդավարության և աշխարհի ամենամեծ ժողովրդավարության միջև գործընկերություն»։

Իվ Ռեժիստր

Փետրվարին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Հնդկաստան կատարած այցից հետո երկու երկրները դիտարկում են երկկողմ կապերի ամրապնդման հարցը: Միցոտակիսի այցին 2023-ի օգոստոսին նախորդել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Աթենք, որի ժամանակ երկու երկրները համաձայնել էին համագործակցությունը հասցնել ռազմավարական գործընկերության: Միցոտակիսը Հունաստանի առաջին ղեկավարն է, որն այցելել է Հնդկաստան վերջին 15 տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս, թե որքանով են ամրապնդվել երկկողմ հարաբերությունները անցած տարվա ընթացքում։

Քանի որ Հունաստանն ավանդաբր կոչվել է «դարպաս» դեպի Եվրոպա, իսկ Հնդկաստանը հարավասիական տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունն է, նրանց երկկողմ համագործակցությունը կարող է նպաստել նաև երկու տարածաշրջանների միջև գործակցությանը: Մի քանի տնտեսական և դիվանագիտական խթաններ, ինչպիսիք են Հնդկաստան – Մերձավոր Արևելք տնտեսական միջանցքը (India-Middle East Economic Corridor, IMEC), կարող են նպաստել նրանց հարաբերությունների խորացմանն ու ակռա մարտահրավերների հաղթահարմանը:

Հնդկաստան – Մերձավոր Արևելք տնտեսական միջանցք (IMEC)

Հնդկաստան-Հունաստան վերջին երկկողմ հանդիպման առանցքային հարցը IMEC-ի կենսունակությունն էր, որի մեկնարկը տրվեց Նյու Դելիում Մեծ քսանյակի 2023-ի գագաթնաժողովի ժամանակ: Տնտեսական միջանցքը նպատակ ունի արմատապես վերափոխել Հնդկաստանից դեպի Եվրոպա առևտրային ուղիները՝ Մերձավոր Արևելքը և Հունաստանն օգտագործելով որպես կենտրոնական անցումներ: Երբ Մեծ քսանյակի անդամներն առաջին անգամ առաջարկեցին IMEC-ը, բանակցություններ էին ընթանում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար, որոնք կարևոր են միջանցքի կենսունակության համար, քանի որ ծրագրված երթուղին անցնելու է նաև այդ երկրների միջով՝ օգտագործելով Իսրայելի Հայֆա և Հունաստանի Պիրեուս նավահանգիստները Միջերկրական ծովում։

Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկումից ի վեր շատերն այս նախագիծը համարում էին մեռելածին։ Այնուամենայնիվ, 2024-ի փետրվարին Մոդիի և Միցոտակիսի քննարկումների վերսկսումը ուշագրավ է՝ հաշվի առնելով նրանց դերը որպես IMEC անդամ երկու կարևորագույն երկրների ղեկավարներ: Ե՛վ Հունաստանը, և՛ Հնդկաստանը համոզված են, որ նախագիծը դեռ կենսունակ է և խոստանում են անել անհրաժեշտը դրա իրագործումն ապահովելու համար:

IMEC-ի հաջողությունն ապահովելու հարցում երկու երկրների համառության հիմնական շարժառիթներից մեկը Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը (Belt and Road Initiative) արդյունավետ այլընտրանք ստեղծելու ցանկությունն է: Թեև Հունաստանը ԵՄ-ի առաջին անդամն է, որը միացել է «Գոտի և ճանապարհ»-ին, ներկայում Հունաստանում ձգտում կա թոթափելու Չինաստանի՝ չաիփց ավելի մեծ ներդրումների ազդեցությունը, ինչը օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից երկիրը չափազանց մեծ կախվածության մեջ է դնում, և կարիք կա ներդրումները դիվերսիֆիկացնելու: Ուղիներից մեկը, որով Հնդկաստանը և Հունաստանը կարող են նպաստել IMEC-ի հաջողությանն ու չինական նախագծին արժանի մրցակից դառնալ, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև որպես երրորդ կողմ միջնորդություն ստանձնելն է: Դժվար թե միջնորդությունը հանգեցնի Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացման բանակցություններին: Այնուամենայնիվ, նման ներգրավվածությունը կարող է երկուսի միջև փոխըմբռնման հիմք ստեղծել, որը կարող է նպաստել IMEC-ի՝ տեղից շարժվելուն, քանի որ տնտեսական խթանները, որոնք այս երկրներին անցյալ տարի դրդել էին ստորագրելու IMEC-ի համաձայնագիրը, դեռ առկա են:

Այլ ոլորտներում հարաբերությունների ամրապնդում

Թեև Հնդկաստանը և Հունաստանը պետք է կոնսենսուսի հասնեն IMEC-ի շրջանակներում՝ համաձայնագրի հետ կապված տրանսպորտային երթուղիները մշակելու համար, նրանք դեռ կարող են աշխատել իրենց սեփական առևտրային հարաբերությունները բարելավելու համար: Երկու կառավարություններն էլ գործի են դրել դա՝ մշակելով գործընկերության համաձայնագիր, որի նպատակն է կրկնապատկել երկկողմ առևտուրը՝ 2022-2023-ի մոտ 2 մլրդ դոլարից մինչև 4 մլրդ դոլար մինչև 2030-ը՝ նույնիսկ առանց IMEC-ի:

Երկկողմ բանակցությունների ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է Հունաստանին աջակցել Արևելյան Միջերկրական ծովում, որտեղի ջրերի նկատմամբ Հունաստանն ու Թուրքիան ինքնիշխանության հավակնություններ ունեն: 2020-ին Հունաստանն ու Թուրքիան իրենց նավատորմերը բերել էին բարձր պատրաստության աստիճանի, և ծովում հունական ու թուրքական ֆրեգատների պատահական բախումը երկու երկրներին մոտեցրել էր հակամարտության եզրագծին: Հաշվի առնելով Հնդկաստանի և Թուրքիայի միջև վերջերս լարված հարաբերությունները՝ տրամաբանական է թվում, որ Հնդկաստանը պետք է օգտագործի այս հնարավորությունը՝ ակտիվացնելու հարաբերությունները Հունաստանի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահայտվել է Հնդկաստանի կողմից 370-րդ հոդվածի չեղարկման դեմ, ինչպես նաև ներդրումներ արել Պակիստանի հետ պաշտպանական համագործակցության ասպարեզում։ Հնդկաստանը 2019-ին կրճատեց իր պաշտպանական արտահանումը Թուրքիա, իսկ Մոդին նույն տարում չեղարկեց իր առաջին պետական այցը Թուրքիա՝ Էրդողանի՝ Քաշմիրի մասին հայտարարությունների պատճառով:

Հնդկաստան-Հունաստան գործընկերության մեկ այլ կարևոր ասպեկտ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Հնդկաստանը երկար ժամանակ պնդում է, որ ՄԱԿ-ը հրատապ բարեփոխումների կարիք ունի՝ արտացոլելու ժամանակակից աշխարհի աշխարհաքաղաքական իրողությունները: 2024-ի փետրվարին անցկացված երկկողմ բանակցություններում Հունաստանը համաձայնել է միանալ Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման հանձնառության գործում և խոստացել աջակցել խորհրդում Հնդկաստանի մշտական անդամի տեղի հայտին: Այս զարգացումը խորհրդանշական առումով շատ կարևոր պահ է, քանի որ Հունաստանն ուղղակիորեն աջակցում է Հնդկաստանի վերելքին համաշխարհային թատերաբեմում:

Վերջապես, թեև Հնդկաստանի ու Հունաստանի հարաբերություններն ամրապնդելու տնտեսական և աշխարհաքաղաքական մի շարք խթաններ կան՝ նրանց հարուստ պատմությունը, մշակութային և հումանիտար կապերը նույնպես վճռորոշ են երկկողմ հարաբերությունների համար: Մոդին և Միցոտակիսը 2023-ի օգոստոսին իրենց ելույթներում ընդգծում էին պատմական հարուստ անցյալը: Միցոտակիսը նշում էր «հնագույն առևտրային ուղիների և Ալեքսանդր Մակեդոնացու ճանապարհի» մասին, որոնք երկու ազգերի միջև ամենավաղ կապերն են ստեղծել, իսկ Մոդին խոսում էր Հունաստանի ու Հնդկաստանի հնագույն ժառանգության կարևորության մասին։ Ավելին, 2024-ի հունվարին Վադնագարում՝ Մոդիի ծննդավայրում, հնագետները հայտնաբերել են Ապոլոդատոս թագավորի ժամանակաշրջանի գտածոներ: Ապոլոդատոսը մ․թ․ա․ 2-րդ դարում հունա-բակտրիական թագավորության տիրակալն էր, որը ներառում էր հունական մի քանի գյուղ․ հույները հաստատվել էին հյուսիսարևմտյան Հնդկաստանում և միավորվել հնդկական մշակույթին՝ հաստատելով հավաքական հնդկահունական ինքնություն: Հնագիտական այս վերջին հայտնագործությունը կարող է կատարյալ հնարավորություն դառնալ Հնդկաստանի և Հունաստանի համար՝ ավելի խորանալու իրենց պատմական և մշակութային կապերի մեջ:

Եզրակացություն

Հնդկաստանի և Հունաստանի զարգացող հարաբերություններն ուսումնասիրողներից շատերը ենթադրում են, որ նրանց միությունը հիմնականում ռազմավարական է և աշխատում է quid pro quo սկզբունքով: Այնուամենայնիվ, Միցոտակիսը երկկողմ հարաբերությունները նկարագրում է որպես «աշխարհի ամենահին ժողովրդավարության և աշխարհի ամենամեծ ժողովրդավարության միջև գործընկերություն»՝ ընդգծելով երկու ազգերի միջև պատմական և գաղափարական կարևոր կապը: Հաջորդ տարի կլրանա Հնդկաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ Երկրների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են օգտագործել այդ առիթը՝ ցուցադրելու երկու ազգերի ընդհանուր ժառանգությունը և դիվանագիտական գործընկերության առավել գործնական ձեռքբերումները: Մշակութային կապերի ամրապնդումը՝ աշխարհաքաղաքական շահավետ նախագծերում համատեղ ջանքերի հետ մեկտեղ, ինչպիսիք են IMEC-ը կամ Հնդկաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր ազատ առևտրի համաձայնագիրը, էական սիներգիա կլինի երկու երկրների միջև ավելի խորը և կայուն հարաբերություններ հաստատելու համար:

***

Իվ Ռեժիստրը Ասիա-Խաղաղօվկիանոսյան հիմնադրամի հետազոտող է և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի Գլոբալ սպառնալիքների խորհրդատվական խմբի անդամ:

Հոդվածն անգլերեն՝ New Horizons: Exploring the Potential for India-Greece Bilateral Ties

Մեկնաբանել