Իրանում վթարվել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռը, որոնողական աշխատանքները շարունակվում են

Իրանում վթարի է ենթարկվել երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ գտնվող լեռնային տեղանքում՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտ: Կատարվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ, որոնց ներգրավվել են Կարմիր մահիկի փրկարարները, զինվորականներն ու ոստիկանները։ Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ եղանակային վատ պայմանները փրկարարներին խանգարում են դեպքի վայր հասնել։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկը միջադեպն անվանել է «վթար», սակայն իրանական թերթերից մեկին տված հարցազրույցում խոստովանել, որ ինքը դեռ պետք է հասներ դեպքի վայր, հաղորդում է BBC-ն։ Իրանական «Թասնիմ» գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի շարասյան երեք ուղղաթիռներից երկուսն ապահով հասել են իրենց նշանակետին։Գործակալության տվյալներով՝ նրանք տեղափոխում էին Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիյանին և Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշին։

Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հաստատել է Ռայիսիի շարասյան ուղղաթիռի կործանումը։ «Սպասում ենք փրկարարական ջոկատների ժամանելուն դեպքի վայր»,- ասել է նա։ Տեղի բնակիչները հայտնում են, որ տարածքում մառախուղ է, ինչը դժվարացնում է ուղղաթիռի տեղորոշումը: Ուղղաթիռում են եղել նաև Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Թե ինչ կարող էր լինել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի հետ, մնում է անհասկանալի։ Իրանական կիսապաշտոնական լրատվական գործակալությունները հակասական տեղեկություններ են հաղորդում։ Բայց նրանք համաձայն են, որ Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սահմանային շրջանից նախագահին և նրա շքախմբին տեղափոխող երեք ուղղաթիռներից մեկը դժվարությունների է բախվել երկրի հյուսիս-արևելքում թանձր մառախուղի պատճառով: Իրանն ունի բազմաթիվ ուղղաթիռներ, սակայն միջազգային պատժամիջոցները դժվարացնում են դրանց վերանորոգումն ու սպասարկումը։ Երկրի ռազմաօդային ուժերը նույնպես հիմնականում ձևավորվել են 1979-ի իսլամական հեղափոխությունից առաջ:

Մեկնաբանել